էին բակը հանգիստ քայլերով, երեսները խաչակնքում էին անկանոն, համբուրում էին եկեղեցու դուռը և, որովհետև դեռ վաղ էր, ցրվում էին արևի ախորժելի ջերմ ճառագայթներով ողողված բակում։
Բակը մտավ մի զառամյալ ծերունի՝ կոլոլված ձմեռվա խիստ խունացած վերարկուի մեջ, որի մաշված փեշերի ծայրերից տեղ-տեղ դուրս էր պրծել դեղնած սպիտակ բամբակը։ Ծերությունից երկուտակված էր այն աստիճան, որ վերարկուի փեշերն առջևից գրեթե քսվում էին գետնին, իսկ հետևի փեշը տարօրինակ կերպով բարձրացել և երևան էր հանում նրա չորիկ-մորիկ ոտները, որոնցից մեկի վրա բարակ շալվարի պատառոտուն տոտը մտել էր կիսակոշիկի՝ հնությունից լայնացած ճտի մեջ։ Կարճ ձեռնափայտին դիմհար տալով, նա մոտեցավ եկեղեցու դռանը, գլխարկը վերցրեց, երեսը խաչակնքեց երեք անգամ երկարատև ընդհատումներով, հետո ծանրորեն նայեց այս ու այն կողմը իր սպիտակախառն թավ հոնքերի տակից, և նրա ցրված հայացքը կանգ առավ եկեղեցու պատի տակ նստած երկու կնոջ վրա։
— Զաքա՞ր,— կանչեց այդ կանանցից պառավը, իր ջրակալ ժպտուն աչքերով նայելով նրան և գլուխը շարժելով վերևից ներքև: Նրա ձայնը նմանում էր կոտրված և կոծկված ամանի ձայնի։
Ծերունին գլխարկը կամաց ծածկեց և մոտեցավ նրանց.
— Օսա՞ն... Մանե՞... Աչքս չի կտրում, չճանաչեցի։ Բարի օր ձեզ։
Մանեն իր և սկեսուրի միջև տեղ բաց արեց և հրավիրեց ծերունուն, որ նստի։
Ծերունին նստեց։
— Ժամ եք մանգալի՞,— հարցրեց նա։
— Հա, ուզում եմ շաբաթ օրը հաղորդվի,— ասաց Օսանը։
— Ղազարոսի հարության օ՞րը։ Լավ է։ Բաց պատարագ է։ Բաց պատարագին հաղորդվելը լավ է։ Աստված ընդունելի անի։ Դու է՞լ, Մանե,— դիմեց ծերունին նորատի կնոջը։
— Ո՛չ,— պատասխանեց Մանեն մի քիչ շփոթվելով և իսկույն ավելացրեց.— բժիշկն ինձ արգելել է պաս պահել։