Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր գալիս ու գնում։ Գդակս ծուռ դրած՝ ոչ ցավ ունեի, ոչ դարդ. կարծում էի, թե աշխարհն իմս է... Բայց հիմի՞... ի՞նչ եմ.— մի աղքատ Ղազարոս. մտիկ եմ տալիս, թե որ հարստի սուփրեն են թափ տալիս, որ գնամ շների հետ,— մեղա՜ քեզ, աստված,— փշրանքները հավաքեմ ուտեմ։ Փող էլ ունեի, տուն էլ ունեի, կնիկ, որդիք... ամեն բան ունեի, ոչինչ պակաս չէր, բայց... ամեն բան էլ գնաց ձեռիցս, ամեն բան, ոչինչ չմնաց, ու մենակ ես մնացի Հովբ Երանելու պես, որ ասեմ՝ փառք, հազար փառք քեզ, տե՛ր, դու տվեցիր, դու էլ առար. երևի մի մեղք ունեի, որ ինձ պատժեցիր։

Ծերունին ալքերը բարձրացրեց դեպի երկինք և կարճ ժամանակ մնաց այդպես լուռ ու խորհրդավոր. նրա շրթունքները ցնցվում էին կամաց՝ լուռ աղոթողի պես։

Մանեն կողքից նայում էր նրա կեռ քթին, աչքի վրա առյուծի ճանկի պես խոնարհված թավամազ հոնքին, հին մագաղաթի պես չորացած ու ճաքճաքած այտին և զգում էր, որ չափազանց խղճում է այդ թշվառ, անզոր ծերունուն։

— Բայց որդիդ, Օսան, Գրիգոր Սերգեյիչը, գնում է ա՛յն ճանապարհով, որ տերն ինքն է ցույց տվել,— շարունակեց ծերունին, ցուցամատը բարձրացնելով դեպի երկինք։— Աստված տալիս է նրան, և նա էլ ինձ պես խեղճերին է տալիս։ Նա ուսում ունի և իր ուսումովը շատ առաջ կգնա։ Ասենք հիմիկվա ուսումը... լավ է չլինի, քան թե կա։ Հրեն իմ եղբոր որդին, Աշոտը... նա էլ ուսում ունի, գրում է, բայց մեկ-մեկ որ ականջովս է դիպչում, թե ինչեր է գրում, մազերս բիզ-բիզ են կանգնում. ասում եմ՝ փառք քեզ, աստվա՛ծ, ինչ որ չէինք իմացել, այն էլ ենք իմանում... Մի կտոր հաց էր տալիս, այն էլ կտրեց ու իսկի հարցնո՞ւմ է՝ կենդանի եմ, մեռել եմ, ինչով եմ ապրում, որտեղ եմ ապրում,— ո՛ր ասես։ Էգուց էլ որ գլուխս վեր դնեմ (մեռնեմ), իսկի էլ չի ամաչիլ, որ կրծքիս աման դնեն (ժողովարարությամբ թաղեն)։

— Քա՛, ինչի՞, ի՞նչ ես ասում,— զարմացավ Օսանը։

— Չգիտեմ, Օսան ջան, չգիտեմ... Երևի այդ էլ իմ արած լավության փոխարենն է։ Հինգ տարեկան երեխա էր, որ հայրն ու մայրը մեռան, վերցրի պահեցի, ուսումի տվի.