— Վո՛ւյ, չէ՛, չէ՛։ Մանե ջան, նստիր,— կանչեց Հոռոմսիմը և աշխատեց թույլ չտալ, որ նա վեր կենա։
Բայց և այնպես Մանեն վեր կացավ, իսկ Հոռոմսիմը չնստեց, և երկուսն էլ մնացին ոտի վրա։
— Այս որտե՞ղ ես, մեծ պասն անցկացավ, քեզ ժամումը չտեսա,— ասաց Օսանը։
— Վա՛յ իմ խեղճ գլխին. ես ա՛յն օրումն եմ, Օսան ջան, որ ժամ կամ պատարագ միտս գա,— պատասխանեց Հոռոմսիմը վերին աստիճանի խղճուկ ձայնով, որը, սակայն, ամենևին, չէր համապատասխանում նրա ահագին աչքերի անախորժ փայլին, ոսկրացած դեմքի անդադար ձգձգվող մկանունքներին և վերին աստիճանի եռանդալից շարժումներին, որոնք խիստ կռվարար կնոջ տպավորություն էին գործում։
— Ի՞նչ է պատահել։
— Էլ մի հարցնիլ, Օսան ջան, էլ մի հարցնիլ. իմ որդու արարմունքն ինձ ողջ-ողջ գերեզման դրեց։
— Էլի գժություններ է անո՞ւմ։
— Վույ, այնպես գժվի նրան գժվեցնողը, ոնց որ ես գիտեմ,— բացականչեց Հոռոմսիմն այնպիսի ահարկու մի եռանդով, որ կարծես թե այդ էր նրա սրտի միակ ամենամեծ բաղձանքը։ Հետո նա ձեռքերը ծալեց կրծքին, աչքերն աղոթողի պես ձգեց եկեղեցու պատն ի վեր և շարունակեց.— խնդրել եմ մայր աստվածածնից, որ նա այրվի, այրվի, այրվի, ոնց որ մենք ենք այրվում-փոթոթվում անկրակ նրա պատճառով։ Խնդրել եմ տեր ամենակալից, որ նրա օրն ու կյանքն այնպես խավարի, ոնց որ մեր կյանքն է խավարել նրա պատճառով. սև ու մութ լուսանա նրա գլխին կարմիր զատիկը, ոնց որ սև ու մութ է արել նա մեր օրերը...
— Ի՛հ, լավ մի դու էլ,— նկատեց Օսանը սնահավատի սարսափով։— Եկեղեցու պատի տակն էլ այդպես կանիծե՞ն։
— Լավ չի, Հոռոմսիմ, լավ չի,— նկատեց իր կողմից Զաքարը։— Քրիստոսն ասել է...
— Ի՞նչ է ասել Քրիստոսը,— հանկարծ բղավեց Հոռոմսիմը ծերունու վրա այնպիսի կատաղությամբ, որ խեղճի խոսքը մնաց բերանում։— Քրիստոսն ասել է՝ տուն-տեղ թող, մայր, կնիկ, որդիք մոռացիր, քաղցած-տկլոր