Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որ դուռն երեսին ետ չես դնիլ, խո կարո՞ղ ես ասել, որ դա ջահել աղջկա արարմունք չէ։ Բա ջահել աղջիկը, ազապ աղջիկն այդպես աննամուս բաներ կանի՞։ Ախր այսպես բան չի լինիլ, Օսան ջան, Մանե ջան։ Այնպես գժվեցրել է այն տղին, այնպես գժվեցրել, որ էլ աչքով աչք չունի կնկա վրա։ Շատ անգամ, կեսգիշերներին, տուն է գալիս հարբած-տրաքված, էլ ի՜նչ ուշունցներ ասես չի տալիս այն մեղք ու կրակ աղջկան, թե որ այն խեղճը մի ձայն էլ հանում է, պրծա՜վ. շունը կապիր, նրան բաց թող։ Մինչև հիմի ծեծել չէր իմանում, հիմի այդ էլ է սովորել փուչ-փչանալուն։ Վարժապետությունից ձեռք վեր առավ, մտավ հաշվապահ, երկու ամիս էլ չդիմացավ, կռվեց դուրս եկավ. մի տարի պարապ սարապ թրև եկավ, հետո մտավ բանկը, այնտեղ էլ չպահեցին, դուրս արին. վերջը կնկա փողերը խաբխբելով դուրս բերեց բանկից, գնաց Մոսկով, թե՝ ուսումս կիսատ է, պետք է լրացնեմ։ Մոսկովում ինչ արավ, ինչ չարավ — չեմ իմանում. երեք տարուց հետո ետ եկավ, սկսեց գրել լրագրներումը։ Ասում են լավ փող է վերցնում, բայց մի գրոշ, մի սև գրոշ ասես տուն բերում է՞, որ աչքներս կոխենք։ Աստված է վկա, օր է պատահում, որ տանը մի կտոր հաց չի լինում երեխանց ձայնը կտրելու համար. ողջ ձմեռը շան պես կոնկոռնալով ենք անցկացրել. տան քրեհը հավաքվել, տանիցը դուրս են անում։ Մինչև այս հասակս ես վարձկան չեմ բանել ուրիշի դռանը, հիմի այդ էլ եմ անում— կտրվի նրա նամուսը — այն խեղճ աղջիկն էլ մի օր լավ, տասն օր հիվանդ, օր ու գիշեր մեկ արած` հալած մոմ է դարձել ասեղի ծայրին շատ մտիկ տալուց։ Բայց դե մեր վերցրածն ի՞նչ պետք է լինի, որ հինգ փոր կշտացնի։ Իսկ նա, փուչ-փչանալուս, ինչ որ աշխատում է բոզերի փորն է ածում։ Սա օրենք է՞։ Հը՞, ձեզ եմ հարցնում, սա օրենք է՞։

— Է՜, ժամանակ, ժամանակ,— արտասանեց Զաքարը ծերունիներին հատուկ անտարբերությամբ և գլուխը շարժեց։

— Ասում եմ` ա՛յ որդի, ինչի՞ ես այդպես անում,— շարունակեց Հոռոմսիմը։— Ես, ասենք, պառավել գնացել եմ, բայց այս խեղճ ջահել աղջկա օրն ինչի՞ ես մթնացնում։ Ի՞նչ է արել քեզ. որ համ տկլոր ու քաղցած ես պահում, համ էլ ծեծում ու ջարդում։ «Թե որ չի ուզում, ասում է, տկլոր ու