— Տեսնում ե՞ս... բաս ասա թուրքացել է, է՛լի,— նկատեց Օսանը։
— Ականջ դիր, Օսան, ինչ եմ ասում,— ասաց Զաքարը, կամաց շոշափելով նրա թևը։— Ամեն աստծու օր ես ժամ եմ գալիս, իսկ կիրակի օրերը ճաշին Վանքն եմ գնում, որովհետև պատարագին լավ ժամ են ասում։ Վանքի բակը որ մտնում եմ, տեսնում եմ լիքն է մեր ջահելներով։ Օտար մարդ որ մտիկ տա, կասի՝ ի՜նչ ժամասեր են այս հայ ջահելները։ Բայց որ հարցնես, իսկի մեկը մտնում է՞ պատարագ տեսնելու, երեսը խաչակնքելու, մոմ վառելու, աղոթք անելու։ Բան չունե՞ս: Մտնողն էլ այնպես է պահում իրան աստծու սուրբ տաճարի մեջ, որ կասես իրանց տանը լինի։ Երեսը խաչ հանել, մոմ վառել, ծունկ չոքել, աղոթել խո չկա ու չկա. որ չամաչեն, պապիրոս էլ կքաշեն։ Հիմի Հոռոմսիմի որդին էլ դրանցից է, է՛լի։ Կարծում ես, մենակ դա է՞։ Ու մենակ տղերքը չեն, Օսան. աղջկերքն էլ են այդպես։
— Ա՛յ, հիմիկվա աղջկերքի նամուսն էլ այնտեղ գետինը դնեմ,— սրտանց վրա բերեց Հոռոմսիմը։— Դիփ դրանք չեն ջահելներին գժվեցնողը՞: Ի՞նչն էր իմ որդունը. առաջ ինչ նամաղուլներ էլ որ աներ, էլի տան պատիվն էլ գիտեր, կնկա պատիվն էլ. իսկ իմ առաջ կհամարձակվե՞ր մի ավելորդ խոսք ասել։ Իսկ հիմի՞, ինչ որ կապվել է այն աննամուսի հետ... Շատ անգամ այնպես սրտի եմ գալի, Օսան ջան, որ ասում եմ դուրս անեմ տանից, էլ մոտ չթողնեմ. ջհաննամը— ուր ուզում է՝ կորչի, առանց այն էլ չկա ու չկա, թող իսկի չլինի, գոնե այն մեղքուկրակ աղջիկը կհանգստանա։ Մեկ էլ ասում եմ՝ չէ. մարդ մեջ գցեմ, ո՞վ գիտե, ջահել է, ինձնից չի քաշվում, գուցե ուրիշներից քաշվի, խելքի գա։ Օսան ջան, մի օր տեսնես նրան, չես կարո՞ղ խրատի։
— Խրատի՜,— բացականչեց Օսանը, և նրա գլուխն սկսեց ավելի շարժվել։— Ես ա՛յն լափն ածեմ գլխին, որ ասի թե հա՛։ Ափսոս, որ ես այդ բաները վաղ չեմ իմացել։ Հա՛յ գիտի հա՛, բաս իմ որդին ջահել չի եղել, էլի, որ այդ նամաղուլները չի արել։ Վույ, աստված ոչ անի. այն օրը սև մահ լիներ իմ գլխին։
— Օսան ջան, թե որ դու այդ բանը կանես, հենց իմանաս, թե մի գերի ես ազատել,— ասաց Հոռոմսիմը, և այս