անգամ նրա կռվարար ձայնը հնչում էր լացագին։— Դու էլ, Մանե ջան այն... այն... լավ աղջկան ասա՝ ի՞նչ ես ուզում մեզանից, ինչի՞ ես մեր մեղքը վեր առնում։ Մանե ջան, ախր չես իմանամ. մի օր որ գաս տեսնես մեր հալը, լաց կլինես, աստված է վկա․ քարն ի՞նչ է, քարն էլ լաց կլինի։
Արտասուքի կաթիլները մեկը մյուսի հետևից դուրս էին ցայտում հարատև զրկանքներից ու վշտից կմախքացած այդ պառավ կնոջ աչքերից և արագորեն գլորվում նրա խորշոմած այտերի վրայով, ադամանդների պես շողշողալով արևի ճառագայթների տակ։
Մանեն կանգնած էր լուռ ու անշարժ և նայում էր նրան տամուկ աչքերով, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով իրեն, որ ինքն ևս լաց չլինի այդ խեղճ պառավի աղեկտուր խոսքերը լսելիս և առատ արտասուքները տեսնելիս։
— Շատ լավ,— ասաց նա հանկարծ.— ես կտեսնեմ նրան... անպատճառ կտեսնեմ։
Արևն ավելի ու ավելի տաքացնում էր օդն ախորժելի ջերմությամբ։ Վերևը, եկեղեցու տանիքի վրա, նստած էին երկու աղավնի ուռած-փքված և ղունղունում էին իրենց քնաբեր խուլ ձայնով։ Եկեղեցու պատի հետևից, բակի մյուս կողմը, լսվում էին ժամավոր կանանց բարձրաձայն խոսակցության և երբեմն ծիծաղի ձայները։
Վերջապես, եկավ քահանան— նոր-նոր աղվամազը դուրս եկած մի նորընծա, մեջքին խիստ հուպ տված փայլուն փարաջայով և փափուկ կաստորի նոր գլխարկով։ Հետո եկավ տիրացուն— տերտերից շատ ավելի հասակով մի մարդ՝ խիստ մազակալած տգեղ դեմքով, արբեցողի պղտոր ու կարմիր աչքերով, ամառվա հնամաշ վերարկուով և տիրացուներից անբաժան հովանոցը ձեռքին։ Եկեղեցուց փութկոտ քայլերով դուրս եկավ ժամկոչը «հասարակը» տալու։ Դա գլուխն առաջ ընկած, կուրծքը ներս ընկած մի ժիր ծերունի էր ահագին սապատով և սև մահուդի այն աստիճան խունացած չուխայով, որ մեջքին՝ սապատի վրա կարծես մամուռ էր բսել և արևից խանձվել: Փոքրիկ զանգակները— մեկը բարիտոն, մյուսը տենոր— հնչում էին չափաբերական շեշտերով՝ տամ-տիմ֊տոմ, և նրանց ձայները զիլ ծկլթոցով կարծես պոկ էին