Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո, մեծ պասին ճաշին էլ են ժամ ասում։

Հեղինեն հանկարծ իր փափլիկ ձեռքերը խփեց ավելի ևս փափլիկ թշին։

— Ա՜խ, ճիշտ որ... հիմա խո մե՜ծ պաս է։ Հիշո՞ւմ ես, մեծ պասին որ մեզ, աշակերտուհիներիս, ժամ էին տանում հաղորդելու։ Տերտերը պպզում էր սյունի տակ, իսկ մեզ թխսկան հավի պես հավաքում էր իր շուրջը և կրկնել տալիս «Մեղայի» խոսքերը. «որկրամոլությամբ և մասամբ նորին, բղջախոհությամբ և մասամբ նորին, գիճությամբ և մասամբ նորին, ոտնհարությամբ և մասամբ նորին...»։ Հիշո՞ւմ ես, որ ես փռթկոցս չէի կարողանում պահել, իսկ դու կմշտում էիր կուռս թե՝ սուս կաց։ Դու մինչև այժմ էլ մնացել ես նույնը, իսկ ես... Ա՛յ, ինչ է նշանակում մեծանալ և աստծու ճանապարհից հեռանալ։ Բավական չէ, որ այլևս չեմ ապաշխարում, այլև մոռացել եմ ապաշխարության օրերը։ Վա՛յ, հազար վա՜յ իմ հոգուն. Սադայելը կպրի կարասը կկոխի ու կհանի։ Այն ժամանակ հազար «վա՛յ, նանի ջան» կանչի, ո՞վ է օգնողը։ Երանի քեզ, որ ժամ էլ ես գնում, պաս էլ ես պահում, հաղորդվում էլ ես։ Քեզ համար պատրաստ է Աբրահամի գոգը, իսկ ինձ համար՝ սանդարամետը։ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ. զի անթիվ են հանցանք իմ, աններելի են մեղք իմ և..., և... և...»։ Դե՛, միտս գցիր» է՛, տեսնում ես մոռացել եմ։

Եվ Հեղինեն չարաճճի կերպով խփեց Մանեի կողքը։

Մանեն խիստ սառնորեն վեր կացավ նրա մոտից և հեռացավ դեպի լուսամուտը, որի բաց փեղկի ապակիները բոցավառվում էին մայր մտնող արևի հրավառ ճաճանչներից։ Նա զգում էր, որ ընկերուհու մասամբ անհոգ, մասամբ հեգնական, մասամբ ցինիկական և ընդհանրապես բավական անձնապաստան տոնը հետզհետե գրգռում է իրեն այն աստիճան, որ նրա սանձարձակ-ծաղրական լեզուն նողկանքի պես մի բան է ազդում իրեն։

Հեղինեն նայեց նրա հետևից, պապիրոսի ծուխը հանեց քթածակերից և ուրախ քրքջաց։ Նրա ծիծաղի մեջ լսվում էին անախորժ սուր ծկլթոցներ, չձյութված սռնու ծվոցի պես, և ծիծաղելիս նա բարձրացնում էր դեմքը, կարծես կամենալով