այս օրն է։ Իմ սիրտն այս րոպեին այնպես է ցնծում, ինչպես տակավին երբեք չի եղել... իմ վերջին և սրտաբուխ ցանկությունս է քեզ միշտ այդպես անկեղծ և ազնիվ տեսնել, միշտ ճշմարտասեր և անկողմնապահ քո ընտրած ասպարիզի մեջ։
Մի անգամ էլ նրանք խորին զգացմունքով սեղմեցին միմյանց ձեռքն և դուրս գնացին պատշգամբն, ուր իշխանուհի Մելիքյանը ինչ-որ բանի մասին հռետորություն էր անում յուր վաղեմի ընկերուհուն։ Երկու եղբայրներ տեղավորվեցին նրանց մոտ և սկսեցին մասնակցել նրանց խոսակցությանը։ Ամենից շատ խոսում էր իշխանուհին իրեն հատուկ շարժունությամբ, որ շատ սազում էր նրա գեղեցիկ, փառավոր տեսքին։ Նրա ճարտար լեզուն, ըստ երևույթին, շատ էր դուր գալիս պարոն Հարունյանին, որ մեծ մասամբ լուռ նստած՝ առանձին հետաքրքրությամբ լսում էր նրան։ Նույնպես հետաքրքրությամբ լսում էին նրան և տիկին Հարունյանն ու Արմենակը։ Իշխանուհին, այդ տեսնելով, ավելի ու ավելի ոգևորվում էր։ Պարոն Հարունյանը դարձյալ զգում էր յուր վրա նրա առանձին հայացքները, որոնք թափանցում էին մինչև նրա սրտի ամենախորին թելերն և ստիպում նրանց թրթռալ մի առանձին՝ մինչև այդ ժամանակ տակավին չզգացված քաղցրությամբ, որի ազդեցության ներքո, հանկարծ նրա միտքն խճճվում էր, և նա դադարում էր որոշակի մտածելուց։ Նա գրեթե ինքնամոռացության մեջ էր ընկնում, ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր զգում, միայն իշխանուհու ձայնը, որպես մի դյութիչ մեղեդի, հնչում էր նրա ականջներում և առավել ևս թմրեցնում նրա ուղեղը... Հանկարծ լռում էր այդ ձայնը, և նա լսում էր մի ուրիշ ձայն. նա ճանաչում էր այդ ձայնը— կնոջ ձայնը, որը մի ակնթարթում կայծակի նման շանթում էր նրա ուղեղն ու սիրտն, և հանկարծ նա սթափվում էր յուր ակամա թմրությունից։ Նա տեսնում էր, որ ոչ կինն էր նայում իրեն, ոչ՝ եղբայրը, միայն իշխանուհու գեղաժպիտ աչքերը գաղտագողի կերպով հետամուտ են լինում յուր դեմքին...