Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պենսնեն ամուր պահել քթի վրա, որ վայր չընկնի ծիծաղի պատճառած ցնցումներից։

— Զարմանալի է, ինչո՞ւ ես նեղանում,— բացականչեց նա.— Մի՞թե ճիշտ չէ, որ դու արդար ես, իսկ ես՝ մեղավոր, որ դու դրախտը կգնաս, իսկ ես դժոխքը։

Մանեն կամաց դարձավ և շատ լրջորեն նայեց ընկերուհու պենսնեին, որի հետևից չէին երևում նրա աչքերը, որովհետև պենսնեի պարզ ապակիները պլպլում էին լուսամուտի ապակիներից անդրադարձող արևի պայծառ լույսերի տակ։

— Ես զարմանում եմ քեզ վրա, Էլեն,— ասաց նա։ Դու կրթված աղջիկ ես, նույնիսկ բարձր ուսում ես ստացել. մի՞թե այնքան չես հասկանում, որ կան բաներ, որոնց եթե չես հավատում, գեթ պիտի գիտենաս հարգել և, համենայն դեպս, չծաղրել։

— Այսի՞նքն։

— Մի՞թե կարելի է ծաղրել մի բան, որ միլիոնավոր մարդկանց հոգեկան միակ ամենաբարձր մխիթարությունն է կազմում...

— Կրոնական զգացո՞ւմն՝ ուզում ես ասել։

— Այո՛, կրոնական զգացումը,— շեշտեց Մանեն։— Այդպե՞ս են անում Եվրոպայում, ուր գնացել ման ես եկել դու։

Հեղինեն պապիրոսն արագորեն դրեց մոխրամանի վրա և վեր կացավ։ Մանեի խոսակցության լուրջ տոնը, ըստ երևույթին, ազդեց նրան, և նա ինքը լուրջ դեմք առավ։

— Դու ի՞նչ գաղափար ունիս Եվրոպայի մասին,— ասաց նա։ — Չլինի՞ կարծում ես այնտեղ մղդսիներ չկան։ Սխալվում ես, սիրելիս։ Իսկական մղդսի ուզում ես, արի տանեմ քեզ Եվրոպա։ Թե չէ մերոնք ի՞նչ են,— անամոթ կեղծավորներ և անհավատներ։ Գլադստոնի պես մի ազատամիտ մարդու գրասեղանի վրա հրեն, ասում են, հոմ-ռուլի կողքին աղոթագիրք է դրված միշտ։ Իսկ Տոլստոյի գրվածքները խո ինքդ էլ ես կարդում. մի տող կգրի՞, որ մեջը աստված չլինի։

— Եվ ի՞նչ է ապացուցանում այդ,— հարցրեց Մանեն։