Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այս ա՛յն է ապացուցանում, իմ սիրունիկ տիկին, որ Երուսաղեմում էլ են շներ հաչում։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ դու ինձանից հարգանք ես պահանջում դեպի կրոնական զգացումը, ես մի օրինակ կպատմեմ քեզ իմ պրակտիկից։ Մի անգամ ինձ կանչում են մի ծննդաբեր կնոջ մոտ՝ տգետ տատմոր փչացրածն ուղղելու համար։ Մի խեղճ ու կրակ արհեստավոր կին էր: Գնում եմ և ի՜նչ տեսնում. ուշաթափ ծննդաբերի գլխին տղամարդի ահագին մի փափախ և բարձի տակ սոխ շարած մի շամփուր, իսկ բուխարու վրա մի դյուժին վառած մոմ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր թելադրում այս ծիծաղելի բաներն անելու։

— Պարզ նախապաշարումը և սնահավատությունը։

— Եվ ոչ կրոնական զգացո՞ւմը, որ մայրն է բոլոր նախապաշարումների և սնահավատությունների։ Չէ՞ որ կրոնը, — ո՛րն ուզում ես վերցրու, ինքնին արդեն հսկայական մի նախապաշարում և սնահավատություն է։ Եվ ո՜ւր էր, թե նա բավականանար միայն պառավական միամիտ և անվնաս նախապաշարումներով։ Մինչդեռ մենք գիտենք, որ նա անհաշիվ աղետներ է բերել մարդկության գլխին։ Խո գիտես ինչ բան է կրոնական մոլեռանդությունը. մարդիկ դուրս են գալիս հոգեկան նորմալ դրությունից, խելագարվում են, գազանանում և կամ իրենց են չարչարում ու մորթում, կամ ուրիշ իրենց նման արարածների։ Ոչ մի համաճարակ հիվանդություն, ոչ խոլերան, ոչ ժանտախտը և ոչ նույնիսկ ամենամեծ պատերազմներն այնքան զոհեր չեն տարել, որքան տարել և տանում է նույնիսկ մեր ժամանակում կրոնական մոլեռանդության համաճարակը։ Հիշիր, քրիստոնեության առաջին դասերը, ինկվիզիցիան, հիշիր իսլամականության կատաղի բռնկումները, կամ թեկուզ հենց բուդդայականությունը, որը թեև ուրիշի մի մազին անգամ չի դիպչում, չի գործում քրիստոնեության և մահմեդականության պես հրով ու սրով, բայց դրա փոխարեն ուտում է ինքն իրեն, կամաց-կամաց ծծում, մաշում և մահացնում ի՛ր իսկ օբյեկտին։ Դեռևս ո՛չ մի կրոն աշխարհիս երեսին ոչինչ չի վերածնել, ոչ մի բանի կյանք ու կենդանություն չի տվել, այլ միայն կործանել է, կործանել է շարունակ և շարունակ շահ ու ավեր է տարածել իր շուրջը ամենակուլ վիշապի պես...