— Եվ դու, ա՛յ միամիտ, կարծում ես, թե կարո՞ղ էիր ասել «ոչ»,— բացականչեց նա։— «Ոչ» չէիր կարող ասել, որովհետև նախ՝ այդ բառը վաղուց ջնջված է կնոջ բառարանի միջից և երկրորդ՝ եթե «ոչ» ասեիր, այդ միևնույնը կլիներ, թե ինքդ քեզ սովամահի դատապարտեիր։ Մի՞թե այնքան չես հասկանում, որ սոցիալական այժմյան պայմաններում կինն ամուսնանում է նրա համար միայն, որ ինքն իրեն կերակրել չի կարող, որովհետև նրան չեն սովորեցրել և թույլ չեն տալիս իր հալալ քրտինքով հաց ճարելու։ Ուստի բոլոր, այսպես կոչված, օրինավոր ընտանիքների աղջիկները ստիպված են ամուսնանալ, այսինքն ճարել մի տղամարդ, որ պահի իրենց, այլապես նրանց կմնար կամ կուսանոց մտնել, կամ անառականոց։ Բայց որովհետև կուսանոցի դռներն ավելի նեղ են, ուստի եզրակացությունը պարզ է... Ահավասիկ, սիրելիս, այդ է եղել բուն պատճառը, որ դու ասել ես «այո», և ոչ թե այն, թե ոչ ոք չի բռնաբարել քո կամքը։ Կամքի բռնաբարումն այն ձևով, ինչ ձևով որ հնումն էր կատարվում, մեր ժամանակում չկա, իհարկե, նույնիսկ գյուղերում, բայց դրա փոխարեն կա այժմ այդ գերերջանիկ հնության հետևանքը, որ ավելի սարսափելի է։ Այդ հետևանքը հոգու և մտքի մասամբ բռնի և մասամբ կամավոր այն շղթայումն է, որի մեջ կաշկանդված՝ կինը չի հասկանում իր դրությունը կամ, եթե հասկանում էլ է, չի իմանում ինչ անի, ինչպես դուրս գա այդ դրությունից, և կամա-ակամա մնում է միշտ նույն կամազուրկ, նույն ճնշված, նույն բռնաբարված ողորմելի ստրուկը տղամարդու, իր տիրոջ ձեռքին։
— Բայց խո դու դեմ չե՞ս ամուսնությանը,— հարցրեց Մանեն զարմացած ոչ այնքան նրա խոսքերի, որքան այն լրջության վրա, որով պաշտպանում էր նա իր մտքերը։
— Ես դեմ եմ միայն ամուսնության այժմյան հարեմական կարգերին, որոնց մեջ կինը նկատվում է ոչ ավելի, քան ծախու արարած, առանց որևէ իրավունքի, բայց մեկի ստրուկն ու հարճը լինելու անպայման պարտականությամբ։ Սա այնպիսի անբարոյականություն է, բարքերի այնպիսի այլասեռումն, որ այժմյան ամուսնության դեմ սովորական պոռնկությունը, հավատացնում եմ քեզ, շատ օրինավոր, շատ ազնիվ բան է հանդիսանում։ Սովորական պոռնիկ կինը ծախում