Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինեն նստեց բազմոցի վրա, ոտը ոտի վրա դրեց և շարունակեց։

— Քո վարմունքով դու միայն հաստատում ես, որ իմ ասածը ճշմարիտ է, այսինքն, որ քո հոգին ու միտքը շղթայված են և շղթայված ա՛յն աստիճան, որ չես ուզում թույլ տալ ոչ մի ազատ կրիտիկա։ Եթե հոգիդ ու միտքդ շղթայված չլինեին, այդպես չէիր տանջիլ ինքդ քեզ, չէիր աշխատիլ սպանել քո մեջ ազատ սիրո զգացումը, այդ բանը հանցանք համարելով։ Հիշո՞ւմ ես, մի անգամ ասացիր ինձ, թե ամուսնացած կինը իրավունք չունի սիրելու ուրիշ տղամարդու։ Եվրոպացի կինը կծիծաղեր,— եթե ավելին չասեմ,— քո ասիական կլասիկ այդ խոսքերի վրա։ Դրանից ավելի զորավոր ապացույց չէիր կարող տալ, որ հոգիդ ու միտքդ շղթայված են ստրկական կյանքի և բուրժուական մորալի մի որոշ — ուզո՞ւմ ես ասեմ— կրոնական սնահավատության մեջ, որից դուրս ամեն ինչ և ամենից ավելի ազատ սերը սոսկալի մի հանցանք, մահացու մի մեղք է թվում քեզ։ Ի՞նչ հանցանք, սիրելիս, ի՞նչ մեղք։ Ո՞վ է գրել այդ հանցանքի, այդ մեղքի կրիտերիումը։ Ծննդաբեր կնոջ գլխին տղամարդու փափախ և բարձի տակ սոխաշար շամփուր դնող մեր պառավնե՞րը։ Ախր մեկ մտածիր, հոգիս. չէ՞ որ դրանք, այդ պառավները, առսակավն ամոթալի ավտորիտետներ են քեզ պես կրթված, ինտելիգենտ մի կնոջ համար։ Մի քիչ կոչում արա քո առողջ դատողությանը, այն կրթությանը, որ ստացել ես, այն գրքերին, որ կարդում ես— և կտեսնես, որ պառավական այդ ցնդաբանությունները մի ժանգոտ գրոշի արժեք անգամ չունին և ընդունակ են միայն հոգեկան ապարդյուն տանջանքներ պատճառելու։ Չե՞մ տեսնում, ինչ է, որքան փոխել, մաշել և ջղային են դարձրել քեզ այդ հիմար տանջանքները։ Ոչինչ ինձ վրա այնքան ծանր տպավորություն չի գործում, որքան ա՛յն, երբ տեսնում եմ, որ եզներն իրենք են իրենց ոտով գնում և վզները լծան տակ կոխում: Այդպիսի տպավորություն ես գործում դու ինձ վրա։ Հավատա, սիրելիս, որ մարդ բնության ձայնից ավելի լավ ղեկավար չի կարող ճարել իր համար։ Իսկ բնությունն ամենից առաջ սիրում է ազատություն, ազատություն ամեն բանի մեջ։ Եվ բնության ձայնն է միայն, որ ընդունակ է ցույց