Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է քրիստոնեական գթության, անձնվիրության, անձնազոհության, նույնիսկ պարզ խղճահարության զգացումը, որովհետև դուք միայն ձեր անձի մասին եք մտածում։ Դուք գոհ և երջանիկ լինիք, թեկուզ ուրիշները դժոխային տանջանքներ էլ կրեն ձեր պատճառով,— այդ ձեր հոգը չէ։ Ահա՛ թե ինչ մարդիկ եք դուք։

Հուզումից շառագունել էր Մանեի դեմքը. վզի և քունքերի վրա, նուրբ կաշու տակ, լցվել էին երակները. խոշոր աչքերը վառվում էին անկեղծ զայրույթով։ Նա այնքան գեղեցիկ էր այդ րոպեին, որ շատ էլ քնքուշ զգացումներ չունեցող ընկերուհին նայում էր նրան ուղղակի հրճվանքով և իր շարժուն դեմքի չարաճճի ծամածռություններով կարծես աշխատում էր ավելի գրգռել նրան, որ նա ավելի գեղեցկանա։

Երբ Մանեն վերջացրեց, Հեղինեն վեր թռավ, վազեց դեպի նա և գրեթե բռնությամբ տիրապետեց նրա ձեռքերին։

— Դու պաթոսով խոսել էլ ես իմանում, ես այդ չգիտեի,— բացականչեց նա ծիծաղելով։— Հիանալի՜ էր։ Երդվում եմ ազիզ արևովդ, հրճվանքով էի լսում և մանավանդ դիտում, որովհետև չես կարող երևակայել, թե որքա՜ն գեղեցկանում ես գրգռված խոսելիս։ Երևակայում եմ, որ եթե դերասանուհի լինիս և մի որևէ տրագիկական դեր լինիս կատարելիս, ո՛րպիսի ֆուրոր կհանես քո այդ գեղեցկությամբ, զայրույթի այդ անկեղծ ոգևորությամբ, կրծքային ձայնիդ այդ հրաշալի ինտոնացիաներով... Դե՛, շատ մի խլպլտալ, ձեռքերդ բաց չեմ թողնելու... Քո այդ սիրուն մոնոլոգից հետո ես միայն մի բան եմ ուզում հարցնել քեզ. արդյոք իմ հայտնած մտքե՞րն են քեզ այդպես գրգռում, թե ուրիշ որևէ մի բանով եմ մեղանչել քո դեմ։

— Իմ դեմ չէ՛, որ մեղանչել ես դու, այլ մեղանչում ես աստծու դեմ։

— Ինչո՞վ։ Որ ժամ չեմ գնում, պաս չեմ պահում, չեմ հաղորդվում և... սիրո՞ւմ եմ քեզ։

— Որ դու Նասիբյանի կնոջն ու մորն այնպիսի աղետալի վիճակի մեջ ես դրել,— ահա՛ թե ինչով ես մեղանչել աստծու դեմ,— այլևս չկարողանալով հանդուրժել Հեղինեի հեգնություններին, ուղղակի շպրտեց նրա երեսին Մանեն։

— Ինչ ասացի՞ր,— արագ հարցրեց Հեղինեն, բաց թողնելով