Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ
ԵՐԵԿՈՅԱՆ

Նույն օրը երեկոյան, երբ իշխանուհու կառքը եկավ նրան տանելու, նա խնդրեց Հարունյաններին, որ կառքով միասին գնան Մուշտաիդ զբոսանքի։ Հարունյաններն ուրախությամբ համաձայնեցան, բացի Արմենակից, որ հայտնեց, թե ինքը կարող չէ ընկերակցել նրանց, որովհետև շատ կարևոր գործ ունի յուր ընկերներից մեկի հետ և անկարող է հետաձգել։

Երեկոն գարնան վերջերի ամենասքանչելի երեկոներից մեկն էր։ Օրվա մեծ և անթիվ աշխատանքից խոնջած, վաստակաբեկ արևն յուր շողասպառ գլուխը թեքում էր դեպի հորիզոն։ Առավոտից մինչև այժմ թեթև կերպով ամպած երկինքը հետզհետե սկսում էր պարզվել և երևան հանել յուր կապուտակությունը։ Անթիվ, բեկբեկուն, փոքրիկ ու բարակ ամպի քուլեքը սփռված էին նրա վրա։ Մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները կողքից լուսավորում էին նրանց, որոնք մի կողմից փայլում էին կարմրախառն արծաթագունով, իսկ մյուս կողմից աղտոտ ջրի գույն ունեին։ Երկինքն յուր այդ գորշախայտ դիրքով նմանում էր մի խաղաղ լճի, որի մակերևույթն ամենահանդարտ կերպով ծփում է թեթև զեփյուռից, կազմելով միահար փոքրիկ փրփրալից ալիքներ, որոնք միմյանց ետևից անդադար առաջ են գլորվում դեպի եզրը և կորչում, չքանում են այնտեղ։

Իշխանուհու երկձի շքեղ կառքը, որի անիվների հեցերին ռետին էր շրջապատած, փափուկ, անլսելի կերպով սլանում էր Միքայելյան խճամած լայն փողոցով։ Լսվում էր միայն նժույգների ոտների միահավասար տրոփը։ Կառքը հողմի նման առաջ էր կտրում միմյանց ետևից շարված բազմաթիվ կառքերին, որոնք նույնպես կրում էին իրենց մեջ Մուշտաիդի մշտական այցելուներին։ Ամեն կողմից հարյուրավոր հետաքրքիր աչքեր հետևում էին իշխանուհու սրաթռիչ շքեղ կառքին, որի նմանը շատ չէ պատահում Թիֆլիսի փողոցներում։ Իշխանուհին և տիկին Հարունյանը նստած էին կառքի ետնակողմում, իսկ նրանց առաջ՝ մեջքը