Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնցվում էին ջղաձգաբար։ Նա գունատվել էր և փոքրիկ, կարծես մանկական, բերանի կաս-կարմիր շրթունքները կծում էր փղոսկրի պես` պլստող պստիկ ու պինդ ատամներով, իսկ ձեռքերը հետևը տարած` մսալի մատները բաց ու խուփ էր անում տարօրինակ կերպով. կարծես պատրաստվում էր կատվի պես հարձակվելու Նասիբյանի վրա, հենց որ նա մտներ։

3

Ներս մտավ Նասիբյանը,— խորշոմած փոքրիկ դեմքով, երկարաթև սպիտակ փողկատով, խիստ նիհար, ըստ երևույթին թոքախտավոր, ցածլիկ, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ, որի մեջ, սակայն, երիտասարդական ոչինչ չկար, բացի ջղային արագ քայլվածքից և խիստ սև ու խոշոր աչքերից, որոնք լի էին խիզախ համարձակությամբ և ինչ-որ անզուսպ կրակով։ Նրա մի հոնքը, աջը, վերև էր թռել, կարծես ապշել էր ինչ-որ բանի վրա, և այդ կողմից նրա կիսադեմն ավելի երիտասարդական էր, ավելի գրավիչ ու սիրուն, քան ձախ կողմինը, որի վրա, հոնքի ու աչքի տակ, խորշոմներն ավելի շատ էին, ավելի պառավական և ավելի մռայլ ու գաղտնապահ։

Մտնելուն պես նա ուզում էր մոտենալ Մանեին, որ բարևի նրան, բայց տեսնելով Հեղինեի բռնած տարօրինակ դիրքը, կանգ առավ զարմացած, որի ժամանակ նրա ձախ ունքն էլ վերև թռավ։

— Ինչո՞ւ ես եկել,— հարցրեց Հեղինեն, պենսնեի պարզ ապակիների միջից փայլեցնելով նրա վրա ցասմնալից աչքերը։

Նասիբյանը սկզբում կարծես թե շփոթվեց ոչ այնքան այդ հարցից, որ Հեղինեն տվեց իրեն երրորդ մի անձի ներկայությամբ, որքան այն տարօրինակ փայլից, որ տեսավ նրա աչքերի մեջ, և վերին աստիճանի լարված-թշնամական այն տոնից, որով նա տվեց իրեն այդ հարցը։

— Ինչպե՞ս թե ինչու եմ եկել,— շշնջաց նա մեքենայաբար։