Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա, ինչո՞ւ ես եկել, հարցնում եմ քեզ,— կրկնեց Հեղինեն, ձայնը բարձրացնելով, և մի քայլ առաջ դրեց։

Նասիբյանը տարակուսանքով նայեց Մանեին, կարծես հարցնում էր` «ի՞նչ է պատահել սրան», հետո իր խոշոր աչքերը նորից դարձրեց Հեղինեի վրա և հանկարծ ծիծաղեց տարօրինակ խուլ ձայնով, այնքան տարօրինակ, որ նրա ծիծաղը կարծես ուրիշ նպատակ չուներ, բացի միայն այն նպատակից, որ թոքից խուխ պոկի։

— Եկել եմ, որպեսզի թանկագին առողջությունդ հարցնեմ,— ասաց նա ու, արագորեն հանելով թաշկինակը, թքեց մեջը։

— Իսկ մորդ ու կնոջդ առողջությունը, իսկ զավակներիդ առողջությունը երբևիցե հարցնո՞ւմ ես, պարոն,— աղաղակեց Հեղինեն։

Նասիբյանը մի րոպե լուռ նայեց նրան զարմացած, հետո, թաշկինակը կամաց կոխելով սյուրտուկի գրպանը, հարցրեց.

— Վաղո՞ւց է, որ հոգում ես մորս, կնոջս և զավակներիս առողջության համար։

— Այն ժամից, պարոն, երբ իմացա, որ դու նրանց հետ վարվում ես ամենաանխիղճ կերպով, ամենավերջին կինտոյի պես։

Նասիբյանը հոնքերը սաստիկ կիտեց և կասկածանքով լի թռուցիկ մի հայացք ձգեց Մանեի կողմը։

— Այդ ո՞ր ժամից է, համարձակվում եմ հարցնել, օրիորդ,— ասաց նա իր մոխրագույն փափուկ կաստորի գլխարկը դնելով աթոռի վրա և շինծու հանգստությամբ երկու ձեռքով ուղղելով փողկապի թևերը։

— Հենց ա՞յս ժամից, պարոն։ Այս րոպեիս միայն իմացա, որ դու ամենախայտառակ կերպով ծեծում ես կնոջդ, պառավ մորդ դռնեդուռ ես գցել, զավակներիդ քաղցած ու տկլոր ես պահում։ Եվ դու ինտելիգե՜նտ մարդ ես անվանում քեզ, և դու հոդվածներ ես գրում բռնությունների, անարդարությունների դեմ, և դու պաշտպա՜ն ես ցույց տալիս քեզ ճնշվածներին, հալածվածներին, և քեզ արմատական հայացքների տեր հրապարակախո՜ս են անվանում, քե՜զ, քե՜զ...