Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խնդրում եմ, ներեցեք ինձ, տիկին,— դարձավ նրան Նասիբյանը, աշխատելով կարելուն չափ հանգիստ խոսել, և նրա շրթունքները ցնցվում էին կատաղությունից։— Ես շատ ցավում եմ, որ այս օրիորդը ձեր ներկայությունն է ընտրել իր լվացքը լվանալու համար՝ և եթե ես նույն կեղտաջուրը չեմ թափում իր գլխին, դրա համար թող պարտական լինի ձեր ներկայությանը։ Բայց, երևի, մենք ուրիշ ժամանակ կգտնենք մեր հաշիվները տեսնելու, ինչպես հարկն է․․․

— Ա՞յդ ինչ սպառնալիք է,— կանչեց Հեղինեն, առաջ վազելով, բայց չհամարձակվելով մոտենալ նրան, որովհետև Նասիբյանը նորից ոլորեց նրա վրա չարությամբ լի իր ահարկու աչքերը, և նրա շրթունքների ջղային ցնցումը սաստկացավ։

— Երևի այս օրիորդն ինձ ձեր առջև ներկայացրել է իբրև մի փալաս, որի քթից բռնած՝ կարող է ման ածել, ինչպես ուզենա, Սկալվում է, շատ է սխալվում և ձեզ էլ սխալեցրել է, տիկին։ Այդ դուք հետո կտեսնեք, հետո կիմանաք․․․

— Դարձյա՞լ սպառնալիք. դարձյա՞լ,— աղաղակեց Հեղինեն, անլուր կատաղությունից ինքն իրեն ուտելով։

Սակայն Նասիբյանն այս անգամ նրան չնայեց նույնիսկ։ Նրա արտաքին ավելի հանգիստ ու հպարտ կերպարանք առավ և հայացքը լի հանգիստ արժանապատվությամբ նայում էր Մանեի փեշերին։ Նա շարունակեց։

— Իսկ այժմ ես կամենում եմ մի երկու խոսք ասել ձեզ, տիկին, քանի որ դուք այսպես թե այնպես խառնվել եք այս գործին։ Որ մայրս պատմել է ձեզ իմ ընտանեկան վիճակը և ձեր միջնորդությունն է խնդրել, այդ բաին ես հավատում եմ, իհարկե, որովհետև տգետ կին է, անկիրթ կին է: Բայց որ դուք հանձն եք առել այդ միջնորդությունը, անշուշտ հավատացած լինելով, թե դրանով բարի գործ կլինիք կատարած, այդ բանը,— ներեցեք, տիկին,— ինձ մի փոքր... զարմացնում է, որովհետև դուք ինտելիգենտ կին եք, կրթված կին եք և պետք է հասկանայիք, որ ուրիշի ընտանեկան գործերին միջամտելն առհասարակ լավ բան չէ, թեկուզ այդ միջամտությունը լիներ նույնիսկ ամենալավ միտումներով, ամենաբարի զգացումների թելադրությամբ։ Կնոջս ծեծում եմ, թե պաշտում. մորս դռնեդուռ եմ գցել, թե պալատներում նստեցրել,