Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես դուրս կանեմ նրան... Փողոցից մարդիկ կկանչեմ, ոստիկան կկանչեմ...

— Ի՞նչ ես ասում... ի սեր աստծո,— շշնջաց Մանեն վախեցած։— Թող գնամ, աղաչում եմ, թող...

— Սպասիր, Մանե ջան։ Մի վախենար, ոչինչ չեմ անիլ։ Ես սաստիկ գրգռված եմ, չեմ իմանում ինչ եմ ասում... օ՜, դժոխք, դժոխք, կատարյալ դժոխք... Այրվում եմ, խորովվում եմ, ուզում եմ մսերս կրծել, թե ինչո՞ւ ֆիզիկապես այսքան թույլ եմ, ինչո՞ւ ձեռքերիս մեջ այնպիսի մի ույժ չունիմ, որ բռնեմ կոկորդից և խեղդե՜մ... խեղդե՜մ... Սպասիր, մի փախչիր։ Ոչինչ չեմ անիլ... դժբախտաբար, ոչինչ չեմ կարող անել, ոչինչ... արյունս միայն իզուր այսպես կպղտորեմ։ Սպասիր։ Գոնե ասա, որ ինձնից նեղացած չես և չես մեղադրում ինձ։

Մանեն շատ լրջորեն նայեց Հեղինեի աչքերին, որոնց հուսահատական կատաղի փայլը փոխվել էր գրեթե մանկական պաղատագին արտահայտության։

— Քե՞զ... ոչ։ Ես համոզվեցի, որ մեղավորը նա է։ Եվ նրա անամոթ սոփեստությունն էր, որ ինձ այսքան գրգռեց։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, Մանե ջան,— ասաց Հեղինեն, պինդ սեղմելով նրա երկու ձեռքը։— Չես կարող երևակայել, թե որքան սիրում եմ քեզ և որքան թանկ է ինձ համար քո կարծիքը։ Լեզվիս մի նայիր. սիրտս շատ ավելի բարի է, քան լեզուս։ Գիտե՞ս ինչն է ինձ ավելի կատաղեցնում.— ա՛յն, որ ես կարծում էի, թե ազատ եմ, ինչպես երկնքի թռչունը, ինչպես օդը, մինչդեռ տեսնում եմ, որ գլխիս պատրաստել եմ այնպիսի մի բռնակալ, որպիսին չի կարող լինել նույնիսկ մի գազան-ամուսին, մի ճորտատեր: Օ՜, հա՛խս է, հա՛խս է։ Ինչպես երևում է, դեռ շատ փորձանքներից պիտի անցնեմ ինձ կատարելապես ազատ ու անկախ զգալու համար... Դե՛ գնա, ես քեզ չեմ ուզում պահել: Ներիր, որ քեզ այսպիսի անհամ դրության մեջ դրի։ Նա ճիշտ էր ասում. քո ներկայությունը չպիտի ընտրեի լվացքս լվանալու համար։ Բայց այլևս չեմ կարող համբերել, ո՛չ, չեմ կարող։ Դանակն արդեն ոսկորին է հասել։ Այս րոպեին այնպիսի լվացք լվանամ նրա գլխին, որ մեջը խեղդվի։ Դու գնա, իսկ ես հենց այս րոպեին կտեսնեմ այդ սրիկայի հետ