ավելի շատ սիրես ինձ։ Բայց արի մի տեսնենք ոնց ես: Ուղիղ մի տարի է, որ չեմ տեսել քեզ—անցած գարունքից:
Եվ եղբայրը քրոջ ձեռքից բռնած ներս տարավ։
— Աղջի ջան շատ ես լղարել, աչքումս,— ասաց Վահանը արևի պայծառ շողերով լուսավորված սենյակի մեջ լավ դիտելով Մանեի դեմքը։— Իսկի չի երևում, թե իմ քույրն ես։ Ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, որ չաղանաս։ Այս ամառ որ գաս, կտանեմ։ Հավատա։ Մի քիչ տաք է մեր կողմերը, բայց վնաս չունի, օդը առողջարար է։ Իսկ նոր գինեգործարանս արդեն պատրաստ է և այս տարի գինիները պատրաստելու եմ արդեն ամենանորագույն սիստեմով։ Այժմ եկել եմ մի քանի գործիքներ տանելու և այս քանի օրս այդ բանի հետևից եմ ընկած։
— Լավ, ո՞ւմ համար ես աշխատում այդքան:
— Ազգի համար։
— Դու ծիծաղում ես, բայց տես, մազերդ արդեն սպիտակում են,— լրջորեն նկատեց քույրը, շոշափելով եղբոր մի քիչ երկարացած և սպիտակախառն մազերը քունքերի վրա։ — Ինչո՞ւ չես ամուսնանում։
— Որովհետև վախենում եմ լղարեմ։ Բացի դրանից, չէ՞ որ կինս էլ պետք է աժդահա լինի ինձ պես, իսկ այժմյան աղջիկներն ինչ են ներկայացնում իրենցից— ինչպես գրում են ռուսերեն մտածող մեր գրողները— երեքշահանոց վառիկներ, այն էլ աղբանոցում քջուջ արած վառիկներ։ Բայց դու քոնն ասա։ Ո՞նց ես, լա՞վ ես։ Լսեցի մարդդ նոր հանքեր է գտել, ճի՞շտ է։
— Ճիշտ է։ Այժմ այնտեղ է։
— Գիտե՞ս, ես նրան համ հավանում եմ, համ չեմ հավանում. հավանում եմ նրա եվրոպական ձեռնարկուի խիզախ ոգին, որը կարող է նրան շատ առաջ տանել. չեմ հավանում նրա լրջությունը։ Լուրջ մարդիկ իմ մահս են։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս եք ապրում իրար հետ։
— Ինչպե՞ս թե...
— Ուզում եմ ասել սերից֊մերից կա՞։
Մանեն սկզբում շփոթվեց, հետո ստիպեց իրեն ծիծաղել։
— Որովհետև, գիտե՞ս ինչու եմ հարցնում,— շարունակեց Վահանը,— նա սառը, դու տաք. նա` այսպես ասած`