Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարդա՛, կարդա՛,— բացականչեց Մանեն, անկեղծ զվարճանալով այն խիստ կոմիկական արտահայտության վրա, որ ստացել էր եղբոր դեմքը զարմանքից։

Վահանը շարունակեց կարդալ.

— «Անցյալ օր բանկից հանեցի ընթացիկ հաշվով 2OO ռ.։ Այդ գումարից 48 ռ. տվի մայրիկի համար նոր վերարկուի, որովհետև այս շաբաթ հաղորդվում է. 15 ռ. տվի ինձ համար ամառվա գլխարկի. 12 ռ. տվի խոհարարին՝ անցյալ ամսվա համար. 53 ռ. տվի քո գոված Սարիբեկյաններին, որոնք այնքան թաց փայտ էին ուղարկել, որ միայն մխում էր, 22 ռ. տվի...»։ Դե՛, սա բանի նման չէ,— բացականչեց Վահանը, նամակը ձգելով գրասեղանի վրա։— Այս ի՞նչ հիմարություններ ես գրել։

Մանեն գլուխը ետ էր գցել և թուլացել էր ծիծաղից։

— Հը՛, ի՞նչ կասես,— ասաց նա,— ձեռքդ կտրո՞ւմ ես, թե չէ։

Վահանը ուսերը վեր քաշեց։

— Օյին եմ ասում, է՜։ Ես քեզ միշտ պոետիկ արարած եմ ճանաչել, և հանկարծ... Վերարկու, խոհարար, թաց փայտ... Հիմա՛ եմ հասկանում, իզուր չէ, ախր, որ մատերիալիստի կին ես դարձել։

— Բայց ի՞նչ կասես, որ այդ մատերիալիստը չի ուզում իմ հաշիվները կարդալ և սաստիկ նեղանում է, որ ամեն նամակիս հետ մի երկար հաշիվ եմ ուղարկում իմ ծախսած փողերի մասին։

— Ի՞նչ կարող եմ ասել, բացի միայն ա՛յն, որ մարդ արարածը լի է հակասություններով։ Բանաստեղծություններն ատելով ատում եմ, բայց թարսի պես մեկ էլ տեսար իրար հետևից շարվում են ուղեղիս մեջ չափաբերական շեշտերով՝ «Օ՛հ, ի՜նչ անուշ և ի՜նչպես զով առավոտուց փչես, հովիկ, ծաղկանց վրա գուրգուրալով և մազերուն կուսին փափկիկ»։ Եվ մինչև անգամ սկսում եմ երգե՜լ, երևակայիր։ Եվ այս բանը միշտ պատահում է այն ժամանակ,— սա էլ շատ հետաքրքրական է,— երբ առավոտները հագնում եմ կոշիկներս։ Պա՛հ, էլի մոռացա,— հանկարծ բացականչեց Վահանը, ձեռքը խփելով ճակատին։