Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչը։

— Եկածս օրից ուզում եմ նոր կոշիկ առնել, միշտ էլ մոռանում եմ։ Հոգուդ սատկեմ, այսօր որ գնալիս լինիմ, միտս գցիր, թե չէ խայտառակություն է։ Տես է, կասես խոզի դնչեր լինին,— ասաց Վահանը, ցույց տալով իր մաշված, ծռմռված և փոշեծածկ ահագին կոշիկները:— Լավ, ի՞նչ ես ծիծաղում այդքան։

Մանեն հանկարծ դադարեց ծիծաղելուց, առաջ վազեց և, սաստիկ հուզված, առավ եղբոր ձեռքը։

— Վահան ջա՛ն... որ իմանաս որքա՜ն ուրախ եմ... որքա՜ն ուրախ եմ, որ եկել ես...

— Դե՛, հիմա էլ սկսեցիր արտասվել... Նստիր։ Նստիր մի լավ նայեմ։

Վահանը առաջ քաշեց մոտակա աթոռը և քրոջը նստեցրեց իր դիմաց։

Մանեն շտապով սրբեց աչքերից դուրս ցայտած արտասուքի կաթիլները և նորից սկսեց ժպտալ։

Վահանը կարճ ժամանակ հետաքրքրությամբ նայում էր քրոջ աչքերին, հետո ուսերը վեր քաշեց տարակուսանքով։

— Կանա՜յք... Անհասկանալի արարածներ եմ ասում, է՜, սֆինքսնե՜ր։ Մերթ ծիծաղ` մերթ լաց։ Կատարյալ գարնանային եղանակ, մերթ արև, մերթ անձրև։ Բայց չլինի՞ թե «արև է` վայ է, անձրև է` վայ է»։ Հը՞։

— Չեմ հասկանում, ինչ ես ասում։

— Ուզում եմ ասել... Որտե՞ղ է սկեսուրդ։

— Ժամումն է։

— Խո չե՞ք կռվում իրար հետ, ինչպես ամեն հարս ու սկեսուր։

— Չէ, նա չափազանց բարի կին է, և ես շատ գոհ եմ նրանից։

— Է՜, փառք աստծո։ Իսկ ամուսինդ... շատ ժամանակ է՞, հանքերումն է։

Մանեն մի քիչ շփոթված, մի քիչ կասկածամտությամբ նայեց եղբոր աչքերին, հետո բռնի կերպով ծիծաղեց և կամաց խփեց նրա ձեռքին։

— Դու քո մասին պատմիր, քո. ի՞նչ ես շարունակ իմ մասին հարցնում,— ասաց նա։