Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրախտը, որպեսզի Փիլիպոսի ծոցում փչացնես»։ Կարծեմ այդպես է ասում, չէ՞, Դոն Կարլոսը։

Մանեն արագ մի հայացք ձգեց եղբոր վրա, հետո սկսեց ուղղել բազմոցի վրա դրված ձեռակար բարձիկները։

— Լավ չեմ հիշում.. Հա՛, կարծեմ այդպիսի մի բան կա,— ասաց նա շինծու անտարբերությամբ։— Բայց լսիր ինչ եմ ասում,— հանկարծ դարձավ եղբորը։— Երկա՞ր ես մնալու այստեղ։

Վահանը գիրքը ծածկեց ու դրեց գրասեղանի վրա։

— Ի՞նչ է, արդեն ձանձրացա՞ր ինձնից։ Իսկույն կգնամ։

— Էէ՜հ,— արտասանեց Մանեն ջղայնորեն։— Ուզում եմ ասել զատիկին մեզ մո՞տ կլինես։

— Այդ բանը գործերիցս է կախված, քույրիկ ջան. կարող է պատահել, որ հենց վաղը գնամ, և կարող է պատահել, որ մի ամիս էլ մնամ, որովհետև գյուղատնտեսական ընկերության մեջ էլ մի քանի գործեր ունիմ։

— Կարող է պատահելը մի կողմը թող, ես ուզում եմ, որ դու մնաս... Հասկանո՞ւմ ես։

— Ոչ, չեմ հասկանում։— Ասաց Վահանը սիգարը վառելով։— Այսինքն չեմ հասկանում, թե ինչու ես ուզում, որ մնամ։

— Ախր մենակ ենք, մարդ չկա։ Գրիգորն էլ գրում է, թե գործերն այնքան խառն են, որ զատկին հազիվ թե կարողանա գալ։ Էլ ի՞նչ զատիկ, որ ամեն օրվա պես տխուր ու տաղտկալի պիտի անցկացնենք։ Սա ի՞նչ կյանք է, մարդ չի իմանում ինչ անի, ուր գնա, ում հետ խոսի։ Այս գրքերն էլ որ չլինին` ես կմեռնեմ ձանձրույթից։

— Խե՜ղճ, խե՛ղճ քույրիկս։ Ախր գիտեի, որ նամակիդ մեջ այն չպետք է գրեիր, ինչ որ գրել ես։ Ես միշտ այն համոզումն ունեի, որ մատերիալիստի հետ ամուսնանալդ մի սխալ քայլ էր։ Դու պետք է պոետի կին լինեիր, որ փեշը փեշիցդ կարած` չհեռանար մոտիցդ, թե չէ... Էլի՞ երեխա չես բերում...

— Ո՛ւհ, էլի սկսեցի՞ր։

— Մի զայրանար, քույրիկ ջան, զավակ որ ունենաս, ախր, այդպես լացկան չես լինիլ։ Բայց հանաքը մի կողմը մնա, շատ ես լղարել։ Այդ ի՞նչ է վիզդ, կարապ ե՞ս։ Իսկ