Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ականջներիցդ լույսն այնպես է թափանցում, որ կարծես կարմիր լապտերներ ես կախել։ Բայց մի վախենար, դու դարձյալ սիրուն ես, այնքան սիրուն ու նազելի, որքան... Ելիսաբեթը։ «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը, որպեսզի...»:

Վահանը վեր կացավ, մատով կամաց խփեց քրոջ կզակին, ծիծաղեց և մոտեցավ լուսամուտին։

Երկինքն երեկվա պես մաքուր էր ու բարձր, արևը նույնպես թափում էր ներքև իր տաք ու պայծառ շողերը։ Դիմացը գտնված տան բաց պատուհաններից, վերին հարկում, դաշնամուրի ձայներ էին գալիս, պեդալի կրծքային թախծալի հնչյուններով հարուստ։ Այդ պատուհաններից մեկի վրա դրված էր կլոր ու բարձր մի վանդակ, որի մեջ ճախրում էր մի դեղձանիկ` առանց ձայն հանելու:

Վահանը ձեռքով արավ քրոջը։

— Արի այստեղ։

Մանեն մոտեցավ նրան։

— Տեսնո՞ւմ ես այն դեղձանիկը վանդակի մեջ։ Ինչքա՜ն նման է քեզ... այն տարբերությամբ միայն, որ դու ինքդ ես լալիս, իսկ նրա տեղ լաց է լինում դաշնամուրի պեդալը։

Մանեն ոչինչ չասաց, միայն հարցրեց.

— Այսօր ճաշին մեր տանն ես, չէ՞։

— Թե որ ուզում ես, կմնամ։

— Մենք պաս ենք պահում այս շաբաթ, կուզե՞ս քեզ համար ուտիսվա բան պատրաստել տամ։

— Ոչինչ չի հարկավոր։ Այս մի օրը լոբի ուտելով քո չափ չեմ լղարիլ մի վախենալ։ Այս սկեսուրդ չէ՞, որ գալիս է։ Այն ծերունին ո՞վ է հետը։ Կասես Բադամյանի հորեղբայրը լինի:

— Այո, նա է։

— Ժամիցն են գալի՞ս։

— Այո։

— Ի՜նչ գտել են իրար։ Խե՜ղճ մարդ։ Տես, է՜։ Sic transit gloria mundi... Ի դեպ, այդ Բադամյանները ի՞նչ ազգական են ամուսնուդ։

— Սկեսուրս այդ ծերունու քրոջ տալի աղջիկն է։