— Բաս հոգին սո՞ւրբ։
— Ոչ էլ հոգին սուրբ։
— Դե ո՞նց անենք, պարոն Զաքար, ասում են աստված չկա։
— Իհարկե. որտեղ սատանա կա, այնտեղ աստված ի՞նչ ունի։
Վահանը ծիծաղեց։
— Ասում են սատանա էլ չկա ախր։
— Ասո՜ւմ են, ասո՜ւմ են... Ո՞վ է ասում։ Բաս ջահելներդ ի՞նչ եք, որ սատանա չեք։ Հիմիկվա ամեն մի ջահելի փորում մի-մի սատանա կա պպզած։
— Բաս իմ փորումը երկուսն էլ կլինի, չէ՞, պարոն Զաքար։
Օսանն ու Մանեն ծիծաղեցին։ Զաքարը, որը խոսում էր ամենայն լրջությամբ, իր թավ հոնքերի տակից նայեց Վահանի ահագին փորին և նույնպես սկսեց ծիծաղել զառամյալ ծերունու անձայն ու դողդող ծիծաղելով։
— Երեքն էլ կլինի ու,— նկատեց նա։
— Ղորթ, ինչ չաղացել ես, Վահան, աչքով չտամ,— ասաց Օսանը։— Քույրդ է՞, քանի գնում՝ լղարում է։
— Թող մի-երկու սատանա կուլ տա, նա էլ կչաղանա։ Չէ՞, պարոն Զաքար,— հարցրեց Վահանը և նստեց ծերունու կողքին։ Նա ձեռք առավ Զաքարին և էլ բաց չթողեց նրան։ Գիտեր ամենքին հարմարվելու և ամենքի հետ խոսելու ձևը և խոսակցին գրավելու կախարդական մի ուժ ուներ։
Ճաշի սկիզբը, Վահանի շնորհիվ, անցավ ամենաուրախ տրամադրության մեջ։ Մանեն սիրով նայում էր եղբոր մշտածիծաղ աչքերին, դիտում նրա հանգիստ, ինքնավստահ շարժումները և անդադար քրքջում նրա կատակների վրա։ Նույնիսկ Զաքարը, որ թե՛ ծերությունից և թե՛ վշտից, ըստ երևույթին, առմիշտ կորցրել էր ծիծաղելու ընդունակությունը, նա էլ ծիծաղի նման ինչ-որ անորոշ ձայներ էր արձակում անատամ բերանից։ Իսկ Օսանն ուղղակի չէր կարողանում կարգին ճաշել շատ ծիծաղելուց և թաշկինակով անդադար սրբում էր աչքերից գլգլացող ջուրը։
Չնայելով իր հսկա մարմնին, Վահանն ուտում և խմում էր համեմատաբար չափավոր կերպով։ Պասվա կերակուրները