Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեն ցնցվեց և արագորեն նայեց եղբորը զարմացած, թե մի գուցե այն, ինչ-որ մտածում էր, արտահայտել էր խոսքերով։

Վահանն առաջվա պես թիկն էր տված հանգիստ, նայում էր ատամների մեջ բռնած սիգարի մոխրածածկ ծայրին և խաղացնում էր մի ոտը՝ մյուս ոտի ազդրին դրած։

— Այս է, է՛լի, էն շրջանը, որի մեջ ապրում ես... այդ երկու պառավները,— շարունակեց նա։— Բայց չէ՛, այնտեղ կան ուրիշներն էլ. fin de siecle կամ, ինչպես կասի պոլսեցին՝ դարավերջիկ օրիորդ Սոլիկյան, նրան սրտակից և, եթե չեմ սխալվում, կենակից Նասիբյանը, հետո... ամենամեծ ռահվիրաներից մեկն առաջադիմականների բանակում— Բադամյան․․․ Երկու կողմից էլ քվինթ-էսենցիա։ Սրանք ա՛յս են փչում մի ականջումդ, նրանք մի ուրիշ բան են զռզռացնում մյուս ականջումդ։ Մի կողմից՝ ժամ ու պատարագ, Աստված ու Քրիստոս, պաս ու հաղորդ, դժոխք ու սատանա. մյուս կողմից՝ «փարմասիոնություն», եկեղեցու կործանում, լայն, հանրամարդկային գաղափարներ, ապահարզան՝ ազատ սեր, առաջադիմություն և ես ի՞նչ գիտեմ՝ ուրիշ ի՛նչ քար ու քացախ... Եվ եթե այս բոլորի վրա ավելացնենք քո վառ երևակայությունը, որ երբեմն էկզալտասիոնի է հասնում, այն ժամանակ...

Վահանը բերանից հանեց սիգարը և նայեց քրոջը։

— Ճշմարիտ, ես շատ եմ հետաքրքրվում և կուզեի իմանալ, թե ինչ է քո դերը երկու հակառակ բևեռների մեջ։

Մանեն չկարողացավ դիմանալ եղբոր հետաքնին հայացքին և ակամա խոնարհեց աչքերը։ Նա այժմ, չգիտեր ինչու, վախենում էր եղբոր հոտառությունից։

— Չգիտեմ,— արտասանեց նա կամաց։

Վահանն ուսերը թոթվեց և հորանջեց։

— Չգիտեմությո՜ւն... Բավական նախանձելի դրություն։ Մեր ժամանակ փիլիսոփաներն են միայն, որ տալիս են այդ պատասխանը կյանքի և մահվան առեղծվածի առաջ կանգնած։ «Չգիտեմ»։ Ողորմելի՜ պատասխան, հավասարակշռությունը չգտնող հոգիների պատասխան, ինչպես ժամացույցի հարատև տատանվող լեզվակի միակերպ թիք-թաքը.— լսի՛ր (Վահանը մատով ցույց տվեց ճաշասենյակի դուռը), կարծես