Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե հարցնում է տարակուսանքով՝ ո՞ր կողմը, ա՞յս, թե՞ այն, ա՞յս, թե՞ այն, և ինքն էլ պատասխանում է իրեն բութ հուսահատությամբ՝ չգի՛-տեմ, չգի՛-տեմ, չգի՛֊տեմ... թի՛ք-թաք, թի՛ք-թաք, թի՛ք-թաք... Անիծածը խոսում է կարծես։ Իսկ ես գիտե՛մ,— ոչ այս և ոչ այն կողմը, այլ ուղղակի մեջտեղը, ուրեմն՝ ստո՛պ, կանգնիր։

— Բայց այն ժամանակ լեզվակն այլևս չի խոսիլ, և ժամացույցը կմեռնի..

Վահանը նայեց քրոջ խորհրդավոր աչքերին, ըստ երևույթին հանկարծակիի եկած նրա այդ անսպասելի պատասխանից, հետո հանկարծ ծիծաղեց։

— Մարդ լսի, կասի՝ քույր ու եղբայր այս ի՜նչ նրբազնին խոսակցությամբ են զբաղված։ Շատ մարդկանց ուղեղը զարգանում է երբեմն հիմարություններ դուրս տալու համար։ Ով ճաշից հետո զվարճալի բաներով կզբաղվի, որ կերածը լավ մարսի, մենք... փիլիսոփայություններով ենք զբաղվում։ Լեզվակն այլևս չի խոսիլ, ժամացույցը կմեռնի... Ռուսի չորտն է խաբար — ինչե՜ր ենք դուրս տալիս... լոբի ուտելուց հետո։

Եվ Վահանը սիգարը նորից բերանը դրեց, երեք բարձիկ իրար վրա հավաքած, քաշեց գլխի տակ ու երկարումեկ ձգվեց բազմոցի վրա երեսն ի վեր։ Նա աչքերը ձգեց առաստաղից կախված ջահին, որի ապակյա գինտերը տեղ-տեղ պլպլում էին շողակնի երանգներով, և նորից սկսեց ականջ դնել ժամացույցի քնաբեր թիք֊թաքին։

— Զարմանում եմ, որ դաշնամուր չես պահում,— ասաց նա, աչքերը հեռացնելով ջահից և ման ածելով ընդարձակ հյուրասենյակի մեջ։— Այս րոպեիս ամենայն հաճությամբ կլսեի որևէ պոպպուրի կամ վալս, չքնելու համար։ Բայց չէ՛, այնտեղ ննջում են երկու անտիկ պառավներ, նրանց քունը կխանգարվի։ Իսկ ես... (Վահանը նորից հորանջեց առաջվանից ավելի երկարատև) ես էլ կքնեմ, ինչպես երևում է նշաններից։ Իսկ դու... դու կմնաս արթուն... ժամացույցի լեզվակի պես... Տես է՞, ինչ մյուզիկ է սարքել մեր sic transit-ը... Աստվածդ սիրես, փակիր այն դուռը։

Մանեն վեր կացավ և կամաց փակեց ճաշասենյակի դուռը, որտեղից լսվում էր Զաքարի կերկերաձայն խռմփոցը երբեմն