Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բադամյանը դեռ չէր վճարել նրան։ Եվ Մանեին թվաց, որ Վահանը թերևս այնպես հեգնորեն չխոսեր Բադամյանի մասին, եթե այդ հարյուր ֆրանկի չհատուցված պարտքը չլիներ մեջտեղ։ Քույրը շատ լավ ճանաչում էր եղբոր կծծի բնավորությունը, և այդ բանն ամենևին դուր չէր գալիս Մանեին։ Ամբողջ վեց տարի էր անցել այդ չնչին գումարը պարտք տալուց ի վեր, և Վահանը դեռ չէր մոռացել, իսկ նա աղքատ չէր, հարուստ էր, մինչդեռ Բադամյանը նրա համեմատությամբ իսկապես աղքատ էր, որովհետև գրական աշխատանքով էր միայն իր ապրուստը հայթայթում։

Զատկից հետո թատերասերների մի խումբ ներկայացում պիտի տար հայ կանանց բարեգործական ընկերության օգտին։ Հեղինեն այդ ընկերության ամենաեռանդուն անդամակիցներից մեկն էր, և Մանեն երկու տոմսակ էր ստացել նրանից— մեկն իր, մյուսը եղբոր համար։ (Սկեսուրը, իբրև հին կին, իր ամբողջ կյանքում թատրոն ասած բանը տեսած չէր և չէր ուզում տեսնել)։ Ներկայացման երեկոյան Վահանը կառքով եկավ, որ քրոջը թատրոն տանի։ Նա մի քիչ ուշացել էր, այնպես որ Մանեն նրան էր սպասում՝ արդեն հագնված պատրաստ։ Քրոջը տեսնելուն պես Վահանը չկարողացավ զսպել իր հիացմունքը։

— Շի՜կ,— բացականչեց նա աջ ձեռքի բութ մատը չրխկացնելով միջամատի վրա։— Դու կատարյալ գեղեցկուհի ես եղել և մի քիչ էլ— խոսքը մեր մեջ մնա— կոկետ... Ի՜նչ հասակ, ի՜նչ քնքշություն, ի՜նչ ճաշակ, ի՜նչ գրացիա... Լա՛վ, նազ մի անիր։

Եվ սկսեց երգել.

Նազ մի անիր, նազ մի անիր, նազ աղջիկ,
Դեյրեդ քաշե, թոզ մի անիր․․․

Ու հանկարծ լռեց։

— Հետո՞... չվերջացրիր,— բավական սառն կերպով նկատեց քույրը, որը հայելու առաջ կանգնած ուղղում էր մազերը։ Պարզապես երևում էր, որ նա դեռևս նեղացած է եղբորից։

— Չէ՛, վերջը լավ չէ,— ասաց Վահանը։— Առանց այն էլ ես արդեն մի հանցանք եմ գործել ծնողներիս հիշատակի