Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր գյուղի մանրավաճառին, որ նա իր տգետ տեղովը հետքրքրվում է Գլադստոնով, Պառնելով...

Վահանը թեքվել էր և գիշերային կիսախավարի մեջ իր սովորական հեգնող ժպիտով, բայց փոքր-ինչ զարմացած, անթարթ նայում էր քրոջ զայրացած աչքերին։

— Մանե, այդ դու ե՞ս,— արտասանեց նա։

— Այո, ես եմ, չէիր սպասո՞ւմ։

— Բաս ասում էիր խավարամիտ ես։

— Թող, ի սեր աստծո, այդ հեգնություններդ։ Դու անօգուտ մարդ ես, քեզնից և քո գիտությունից ոչ մի շահ չունի հասարակությունը։

— «Եթե ուսումեդ շահ չունի Հայաստան, թքել եմ քու ալ, ուսումիդ ալ վրան»,— վրա բերեց Վահանը և բարձրաձայն ծիծաղեց։— Բայց մի բարկանալ, քույրիկ ջան. մի բան եմ ուզում հարցնել։ Այն քո առաջադիմականների հետ շուտ-շո՞ւտ ես տեսնվում։

Մանեն մեծ տհաճությամբ դեմքը շրջեց նրանից և ոչինչ չպատասխանեց։ Որովհետև մի անգամ արդեն նեղացած էր եղբորից, այդ պատճառով Վահանի խոսակցության հեգնական տոնը այժմ հանում էր նրան իրենից. և նա մեծ ջանք էր գործ դնում, որ զսպի իրեն։

— Պետք է ասած, որ դու բավական առաջադիմականացել և ազատամտականացել ես,— շարունակեց Վահանը։— Եվ իզուր ես կարծում, թե հետադեմ-խավարամիտների բանակին ես պատկանում։ Բայց մի բան, որ շատ հավանեցի, այդ զայրանալդ է։ Զայրանում ես շատ սիրուն և շատ շնորհալիորեն, որովհետև մեծ եռանդ կա մեջդ, և ինքդ էլ անկեղծ ես վերին աստիճանի։— Անկեղծ եմ ասում, քույրիկ ջան, որ այս անգամ չեմ հեգնում։— Իսկ նրանք, քո այն առաջադիմական բարեկամներդ... նրանց շատ էլ մի հավատա։ Նրանք արդեն ոտով-գլխով կեղծ են,— ավելի կեղծ, քան այժմյան Կախեթու գինիները,— և, հավատացնում եմ քեզ, իրենց գիտությամբ շատ քիչ են տարբերվում մեր գյուղի մանրավաճառից։

— Ես կարծում եմ, որ հասարակական գործիչներին քննադատելու իրավունք ունենալու համար անհրաժեշտ է, որ քննադատողն ինքը հասարակական գործիչ լինի,— նկատեց