Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանեն հանգիստ խստությամբ և յուրաքանչյուր բառը շեշտելով։

— Չնեղանաս, քույրիկ ջան, սկզբունքի տեսակետից ասածդ աբսուրդ է. մինիստրի գործերը քննադատելու համար հարկ չկա անպատճառ մինիստր լինելու, այլապես ի՞նչ պիտի ասեինք Բիսմարկի մազերը փետրահան անող մեր գյուղի մանրավաճառին։ Բայց այս դեպքում քո նկատողությունը լիովին արդարացի է։ Ես, իհարկե, զրո եմ Բադամյանի կամ Նասիբյանի հետ համեմատած, այսինքն՝ հասարակական գործիչ չեմ և, իհարկե, չեմ, քանի որ սիրային վեպեր ու բանաստեղծություններ չեմ թխում, կարմիր հոդվածներ չեմ գրում, փախչում եմ հոգաբարձական և երեցփոխական ընտրություններից, չեմ մասնակցում զանազան հայտնի և անհայտ ժողովների, այլ միայն սուս ու փուս զբաղված եմ սեփական որովայնս պարարտացնելով, հետևաբար իրավունք չունիմ քննադատելու մեր այդ երևելի հասարակական գործիչներին։ Թեև այս էլ պետք է ասեմ, քույրիկ ջան, որ դու իզուր ես այդքան բարկանում ինձ վրա, ես խո չեմ քննադատում, ես միայն, այսպես ասած՝ բարեկամական զրուցատրության մեջ, իմ անհատական կարծիքներն եմ հայտնում։

— Դու կարծիք հայտնել չգիտես, դու գիտես միայն հեգնել, ծաղրել և... բամբասել, պառավների պես։

— Հա՜, հա՜, հա՜,— պինդ ծիծաղեց Վահանը։— Ի՜նչ գեղեցիկ կերպով ըմբռնել ես խարակտերիստիկս... Կեցցե՜ս, բռա՜վո:

— Իսկ երբ բռնում են քեզ և հանդիմանում,— շարունակեց Մանեն,— գիտես կատակով ու ծիծաղով յախեդ թափել։

Վահանի ծիծաղը սաստկացավ։

— Բռա՜վո, բռա՜վո... Ասում եմ, է՛, հիանալի կերպով ըմբռնել ես խարակտերիստիկս կամ նկարագիրս, ինչպես ասում են մեր հոսհոսները։ Բայց հիմի թող պակասն ես լրացնեմ,— ավելացրեց Վահանը, դադարելով ծիծաղելուց։— Ես ամենից առաջ, քույրիկ ջան, կոռեկտ մարդ եմ։ Այսինքն՝ ես այն մարդկանցից եմ, որոնք երկու կռվողների միջամտած ժամանակ երկսի գլխին էլ փամփաչում են։ Ուրիշ