էր, ականջ էին դնում Վահանին և գաղտագողի ժպտում կամ ծիծաղում էին անձայն, իրար նայելով։
— Սպասիր, քեզ մի ուրիշ երևելի էկզեմպլյար ցույց տամ,— շարունակեց Վահանը։— Տե՛ս, այն էլ մաշադիների աշխարհի ռադիկալ-պուբլիցիստը, որ խմբագրատնից գողացել է խմբագրի յափնջին ու քոշերը և փախել է մեր կողմերը։
Աոջևը նստած տիկինը փռթկացրեց և իսկույն բերանը ծածկեց թաշկինակով, իսկ նրա կողքին նստած պարոնի ուսերն սկսեցին սաստիկ ցնցվել զսպված ծիծաղից։
— Վահան, մի՞թե չես զգում, որ համը տանում ես,— նկատեց քույրը հանդիմանորեն։
— Հավատա, քույրիկ ջան, ուղիղ եմ ասում, լրագրի մեջ եմ կարդացել յափնջու և քոշերի պատմությունը. գրողն էլ ինքը խմբագիրն էր, յափնջու և քոշերի տերը։ Աստված է վկա։ Բայց սպասիր տեսնենք ուրիշ ով կա։ Ըհը՛, այն էլ չոպոր-անգլիացիների բուրդը գզող Նասիբյանը։ Նրա դեմքը լավ ե՞ս դիտել,— կասես ճմշկած ճանճուռ լինի, բայց աչքերը,— տե՛ս, նայում է վերնահարկին,— փիալեք են վառվո՞ւմ... Օ՜, ում եմ տեսնում, քույրիկ ջան, ո՜ւմ եմ տեսնում. իմ սիմպատիան— օրիորդ Սոլիկյանը։ Հրեն մոտեցավ այն երիտասարդ զինվորականին։ Ի դեպ երեկ իմացա, որ նրա անունը «Էժանագին օրիորդ» է եղել, որովհետև— վատ բան չկարծես— եռանդուն մասնակցություն ունի եղել էժանագին գրադարանի գործում... Պա՛հ, մեծ էշը նախրումն եմ թողել։ Այն Բադամյանը չէ՞։ Մազերից ճանաչեցի։ Գրո՜ղը տանի, Զևսն է նստա՞ծ։ Նայիր մազերին. տասը ցախավել դուրս կգա...
Մանեն քիչ էր մնում վեր թռչի և դուրս գնա, այնքա՛ն նրա համբերությունը հատավ եղբոր հեգնական նկատողություններից, որոնք այս անգամ, զվարճացնելու փոխարեն, պարզապես գրգռում էին նրա ջղայնությունը։
Բայց այդ միջոցին լռեց օրկեստրը, բեմի վրա՝ վարագույրի հետևից հնչեց զանգակը, և դեռևս ոտի վրա մնացող հանդիսականներն իրար խառնվելով շտապեցին բռնել իրենց տեղերը։
Վարագույրը բարձրացավ, և ներկայացումը սկսվեց։
Վահանը թեքվեց և շշնջաց քրոջ ականջին.