Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ և ոչ էլ կոլեկտիվիստների «մեկն ամենքի համար» վարդապետությունը, որ միևնույն մեդալի մյուս երեսն է, այդ ինդիվիդուալիստների ամենարդար աահմանորոշումը մարդկային կյանքի փոխադարձ հարաբերությունների համար: Ես քեզնից ոչինչ չեմ պահանջիլ, դու էլ ինձնից ձեռք քաշիր: Ուզում եմ ստանալ— կտամ և կառնեմ, ուզում եմ ստանալ — տուր և առ։ Ու վերջացավ: Դու քեզ համար, ես ինձ համար։ Կարծեմ շատ պարզ է, չէ՞։

— Այո, շատ պարզ է, որ դա կուշտ ու ժլատ մարդու վարդապետություն է,— նկատեց Մանեն սառն հանգստությամբ։

Վահանը բերանից բաց թողեց սիգարի ծուխը և նայեց քրոջը զարմացած։

— Կուշտ և ժլա՞տ։ Կուշտն էլի հասկանում եմ, բայց ժլա՞տը որտեղից կապեցիր պոչից։

— Չլինի՞ հիմա էլ ուզում ես ուրիշ սոփեստություններ անել, որ ժլատ չես։

Վահանը բոլորովին զարմացավ։

— Ես ժլա՞տ։

— Այո, դո՛ւ,— շեշտեց քույրը նույն հանգստությամբ։— Ժլատությունդ երևում է մինչն անգամ հագուստիցդ։ Մի լավ նայիր վրադ։ Կարելի՞ է այդպիսի հագուստով այսպիսի տեղեր գալ։ Չէի՞ր կարող, ինչ է, շապիկդ փոխել և, եթե չունիս, նորն առնել. իսկ սյուրտուկիդ ցերեկով նայե՞լ ես, թե ինչպես պլպլում է կեղտից։

— Ա՜, իմացա. դու ամաչում ես ինձ հետ նստել։

— Է՜, թո՛ղ, ի սեր աստծու,— ջղայնորեն արտասանեց Մանեն և դեմքը շրջեց եղբորից։

— Սպասիր։ Ուրեմն դու մի քիչ կեղտոտ շապիկս և հնացած սյուրտուկս վերագրում ես այն բանին, որ ես ժլա՞տ եմ։

— Այո՛: Չես ուզում մաքուր ու լավ հագնվել, որ փող ծախսած չլինես։

— Անկե՞ղծ։

Մանեն չպատասխանեց. նա չէր նայում եղբորը։

— Լավ։ Ընդունենք, թե ասածդ ճիշտ է,— որ ճիշտ չէ, իհարկե, որովհետև ի՞նչ կարիք ունիմ լավ հագնվելու, քանի