Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


չէ սիրում նրա մասին երկար խոսել: Նա ոչինչ չհարցրեց՝ մտքումը դնելով, որ ամեն բան կիմանա Արմենակից, որին, ինչպես նա եզրակացրեց յուր կնոջ խոսքերից, հայտնի պիտի լիներ նրա ով լինելը և, գուցե, այն կապը, որ, ինչպես նա կասկածում էր իշխանուհու փոփոխությունից, կար նրա և վերջինիս մեջ։

Կառքը կանգնեց Հարունյանների տան առաջ։ Հարունյաններն իջան և խնդրեցին իշխանուհուց գիշերը միասին անցկացնելու— կամ մի որևիցե զվարճության տեղ գնալու, բայց իշխանուհին, որից Պետրովի ազդած տրամադրությունը չէր հեռացել, հայտնեց յուր շնորհակալությունը, խնդրեց, որ վաղն իրեն այցելեն, որովհետև մենակ է ինքը, և կառքը քշել տվեց դեպի յուր տուն:

է

ՊԵՏՐՈՎ ԵՎ ՀԱՐՈՒՆՅԱՆ

Հետևյալ օրն, առավոտյան, երբ Հարունյանները պատրաստվում էին այցելելու իշխանուհուն, երկու եղբայրների մեջ խոսք ընկավ նրա և Պետրովի մասին: Տիկին Հարունյանը չէր մասնակցում նրանց, նա մյուս սենյակում զբաղված էր յուր հագուստով: Արմենակը շատ զարմացավ, երբ իմացավ եղբորից, որ Պետրովն երեկ երեկոյան պատահել է իշխանուհուն։

— Սակայն ինչո՞ւ եմ ես այսպես զարմանում,— ասաց նա,— եթե սերն այն բանն է, որ ստիպում է մարդուս ամեն բան անել, ապա նրա Պետերբուրգից այստեղ վազելը բոլորովին զարմանալի չէ:

— Ի՞նչ... մի՞թե Պետրովը սիրում է իշխանուհուն,— հարցրեց իսկույն պարոն Հարունյանը մի այնպիսի եղանակով, որից երևում էր, որ այդ լուրը շատ չէր դուր եկել նրան։

— Հապա ի՞նչն էր ստիպում նրան այնտեղ պաշտոնը թողնել ու վազել այստեղ, ուր երբեք ոչ եղել է և ոչ կարող է մի որևիցե գործ ունենալ: