Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փորձեցեք և տեսեք։

— Ուզո՞ւմ եք, հենց այս րոպեիս փորձեմ։

— Այդ ավելի լավ, որովհետև ո՞վ գիտե, թե՞ էլ ե՛րբ առիթ կունենանք այսպես միևնույն սեղանի մոտ նստած լինելու։

— Ուրեմն աշխատեցեք պինդ նստել, որ չփախչեք։ Ես խոսելու եմ ձեր վերջին վեպի մասին և խոսածս կլինի կմախքը մի կրիտիկայի, որ կզետեղեմ խավարամիտների օրգանում։

Բադամյանն արմունկներով հենվեց սեղանին և քունքերն առավ ափերի մեջ։ Այդ դիրքով և դեմքին խաղացող հեգնական ժպիտով նա կարծես թե ուզում էր ասել՝ «դուրս տուր, տեսնենք ինչ նոր խեղկատակություններ ես անում»։

— Ես լսում եմ,— ասաց նա։

— Ես էլ սկսում եմ,— ասաց Վահանը և սկսեց բաժակները լցնել սպասավորի բերած նոր շշից:

Այդ րոպեին նրանց առջև բսնեց Հեղինեն, հետևից— Նասեբյանը։ Ինչպես երևում էր, այդ տարօրինակ սիրուհին ու սիրահարը դարձյալ մի սուր խոսակցություն էին ունեցել իրար հետ. այդ երևում էր նրանից, որ Հեղինեի աչքերի մեջ զսպած բարկության հետքեր էին երևում, և նրանից, որ Նասիբյանը ջղայնորեն կրծում էր ներքին շրթունքը և բեղի ծայրը ոլորում։

— Ա՜, իմ ամենախորին հարգանքներն օրիորդին,— բացականչեց Վահանը և ոտի ելավ Հեղինեին բարևելու համար։— Բայց... դուք բարկացած եք երևում, օրիորդ։

— Այո, բարկացած եմ և... շատ բարկացած,— ասաց Հեղինեն, նստելով Մանեի կողքին։

— Ո՞ւմ վրա,— համարձակվում եմ հարցնել։

— Ձե՛զ վրա։ Դուք խաբեբա և ստախոս մարդ եք։

— Վա՛հ... Այդ ի՞նչ ասացիք, օրիորդ։

— Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ այն օրն ինձ խաբեցիք, թե ձեր քրոջ մոտից եք գալիս, մինչդեռ նրա երեսը դեռ չէիք էլ տեսած եղել։

— Սխալվում եք, օրիորդ. քրոջս երեսն ես տեսել եմ նրա հենց ծնվելու օրից։