Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրահարության պատմությունն այնքան նման են իրար, որ եթե պարոն Բադամյանն իր վեպն առաջ գրած չլիներ, կկարծեի, թե իսկ և իսկ Պառնելի գլխին պատահած անցքն է իր ռոմանի նյութ շինել։ Ձեր հոդվածն այնքան հավանել եմ, որ նույնիսկ կտրել դրել եմ շրջանակի մեջ և պատից կախել, ինչպես մի ժամանակ անում էին մեր բարեպաշտ տղաները կաթողիկոսական կոնդակները։ Բայց ի՜նչ եմ ասում. մենակ ե՞ս եմ հավանել։ Մեր գյուղում մի դյուքանչի ունինք։ Լրագրի այն համարը, որի մեջ տպված էր ձեր հոդվածը, վազացրեց ինձ մոտ «Մին տես է՜, մին տես է՜,— ասաց,— ի՜նչ հիանալի պյան ա կրել Նյասիբյանը»։ Պետք է ավելացնեմ, պարոն Նասիբյան, որ ձեր հոդվածներն առհասարակ ձեռքից ձեռք են խլվում գավառում։

— Չի՞ կարելի արդյոք, որ հեգնությունները թողնեք և խոսեք եթե ոչ լրջորեն, գեթ անկեղծորեն,— նկատեց Նասիբյանը բերանից արձակած առատ ծխի միջից ծուռ ու սառն մի հայացք ձգելով Վահանի վրա։

— Այդ ի՞նչ եք ասում, պարոն Նասիբյան. դուք ինձ վիրավորում եք։ Անկեղծ չեմ խոսում միայն կանանց հետ, իսկ դուք, փառք աստծո, մորուք էլ ունիք, բեղեր էլ։

— Դուք երևելի ճշմարտություն ասացիք,— բացականչեց Հեղինեն։— Օ՜, դուք տղամարդի՜կդ... Ձեզ մեկ-մեկ պետք է կախել։

— Ի՜նչ խորամանկն եք, օրիորդ,— ասաց Վահանը աչքով անելով Հեղինեին.— չեք ուզում բոլորիս միանգամից կախել, որպեսզի առանց պաշարի չմնաք։

Հեղինեն բարձրաձայն քրքջաց։

— Դուք բավական ցինիկ էլ եք եղել,— ասաց նա։

— Ըհը, նոր էպիտետ։ Այդ էլ գրիր դավթարումդ, քույրիկ ջան,— դարձավ Վահանը Մանեին։— Ցինիկների նախահայրը խո գիտեք ով էր, օրիորդ։

— Ես գործ չունիմ ձեր նախահոր հետ, բայց տեսնում եմ, որ դուք ինքներդ կարող եք մի լավ նախահայր լինել:

— Օ՜, որ գիտենաք, թե որքան մեծ պատիվ եք անում ինձ, օրիորդ։ Գիտե՞ք Մակեդոնացին ինչ ասաց, երբ այցելություն էր տվել իմ նախահորը։ «Եթե ես Ալեքսանդրը չլինեի,— ասաց,— կկամենայի Դիոգենեսը լինել»։ Այս էլ ասեմ,