օրիորդ, որ դուք ուզում եք մեզ՝ տղամարդկանցս կախել, բայց իմ նախահայրն արժանի չէր համարում իր տակառի մեջ տեղ տալու ձեզ, ուզում եմ ասել կանանցդ։
— Իսկ դուք ե՞րբ եք տակառ մտնելու։
— Երբ որ մի նոր Ալեքսանդր Մակեդոնացի երևան գա։ Իսկ մինչ այդ՝ տակառներս ես գործ եմ ածում գինիներիս համար։ Բայց թողնենք այս։ Պարոն Բադամյանին ես խոստացել եմ խոսել իր «Ապահարզանի» մասին։ Դուք, իհարկե, կարդացել եք այդ վեպը։ Հիանալի է, չէ՞։
— Դուք ծաղրում եք,— ասաց Հեղինեն լրջորեն,— բայց ես ձեզ կասեմ, որ «Ապահարզանը» ոչ միայն հիանալի մի վեպ է իբրև գեղարվեստական գրվածք, այլև, որքան ես գիտեմ, ամենաառաջին գրվածքն է ամբողջ հայ գրականության մեջ, որ պատռում է կեղծ ամուսնությունների դիմակը և ցույց է տալիս, թե որքան ստրկացած վիճակի մեջ է դեռևս հայ կինը տղամարդի և հասարակական նախապաշարումների բռնակալ լծի տակ։
— Օրիորդ, այդպես չի կարելի։ Դուք մոռանում եք, որ հեղինակը ներկա է այստեղ։ Խնայեցեք նրա համեստությունը։ Մի՞թե չգիտեք, որ հեղինակն իր կրիտիկոսների առաջ մի դեր ունի միայն կատարելու— լռել։ Եվ տեսնում եք, որ պարոն Բադամյանը չի պաշտպանում իրեն ձեր խոսքերի դեմ։
— Ես նրան չպախարակեցի, որ նա ինքն իրեն պաշտպանելու պետքը զգա։
— Զարմանալի հասկացողություն ունիք ինքնապաշտպանության վրա։ Մի՞թե չգիտեք, որ լինում են գովասանքներ, որոնց դեմ նույնպես պետք է պաշտպանվել։ Լինում են, չէ՞, պարոն Բադամյան։
— Ես կատարում եմ հեղինակի դերը և լռում,— ասաց Բադամյանը ժպտալով։
— Կեցցե՛ք։ Ուրեմն ես կարող եմ ավելի ևս համարձակ խոսել։ Լսեցեք, պարոններ, սկսում եմ... Պարոն Նասիբյան, դեն ձգեցեք այդ պապիրոսը. տեսնում եք՝ հազում եք... Ինչո՞ւ դուք, վիպասաններդ, պարոն Բադամյան, ամուսնական խնդիրը շոշափելիս նախ անպատճառ կնոջ կողմն եք բռնում, հետո ամուսնուն դուրս եք բերում իբրև կատարելագույն մի