Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարելապես օրինավոր անձեր, սակայն այնպիսի անձեր, որոնք ինչ-ինչ պատճառներով,— բայց ոչ սիրահարի պատճառով, հա, լավ իմացեք,— չեն կարող միասին ապրել, անհնարին բան է, որ միասին ապրեն։ Այդ պատճառները պետք է լինին հարկավ զուտ բարոյական պատճառներ, ինչպես, օրինակ, տարբեր գաղափարները, հակումները, հայացքները և այլն։ Հը՞, ի՞նչ եք կարծում այս մասին, պարոն Բադամյան։

— Ներողություն, նախ թույլ տվեք իմ ասելիքս ասեմ,— նորից մեջ ընկավ Հեղինեն։

— Հրամայեցեք խնդրեմ։

— Ամենից առաջ մի բան, դուք այսպես էլ եք խոսում, այնպես էլ, և ես չեմ հասկանում, թե իսկապես ի՛նչ եք դուք— հետադիմակա՞ն, թե առաջադիմական, խավարամի՞տ, թե ազատամիտ։

— Զարմանալի օրիորդ եք, նոր չէ՞ր, որ պարոն Նասիբյանն ասաց, թե ես խավարամիտ եմ:

Նասիբյանը պապիրոսը ձգեց գետին և սկսեց ոտով տրորել:

— Դուք ոչ այս եք, ոչ այն. դուք կլոուն եք,— ասաց նա շատ հանգիստ կերպով։

Վահանը բարձրաձայն ծիծաղեց։

— Դե, ասում եք, պարոն Նասիբյանը կծել չի իմանում...

— Շունը դո՛ւք եք,— հանկարծ պայթեց Նասիբյանը՝ ձեռքն ամուր խփելով սեղանին և վեր թռավ տեղից։ Մի ակնթարթում նրա ահագին աչքերը կրակ կտրեցին։

Մեքենայաբար վեր թռան տեղներից նաև Բադամյանը, Հեղինեն և Մանեն, առաջինն ապշած, վերջինները սաստիկ վախեցած, մանավանդ Մանեն, որը լավ չհասկացավ, թե ինչ պատահեց այդպես հանկարծ։

Վահանը մի րոպե կորցրեց իր սառնասրտությունը. նա ոչ թե միայն հանկարծ դադարեց ծիծաղելուց, այլև, նրա ամբողջ կյանքում թերևս առաջին անգամ, չքացավ նրա դեմքից մշտական հեգնական ժպիտը։ Նա ծանրորեն վեր կացավ և հուժկու ձեռքերը տարածեց դեպի Նասիբյանը, բայց քույրը հանկարծ վրա ընկավ նրա թևին։

— Վահա՛ն... աղաչում եմ,— շշնջաց Մանեն։