Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վահանը նայեց քրոջ աղերսական-սարսափահար աչքերին, հետո մի հայացք ձգեց շուրջը, ուր բավականաչափ կողմնակի հետաքրքիր հայացքներ տեսավ, և երկաթի կարծրություն ստացած ձեռքերը վայր թողեց։

— Ափսո՜ս,— արտասանեց նա և նույն ծանրությամբ նստեց։

— Ի՞նչ ափսոս,— աղաղակեց Նասիբյանը, անվախ կանգնած նրա առաջ և փայլեցնելով նրա վրա իր ահագին սև աչքերը։— Խելքներդ ո՞ւմ վրա է գնում։ Չլինի՞ կարծում եք կվախենամ ձեզնից։ Տասն այդչափ փոր ունեցեք, բայց ես թույլ չեմ տալ, որ ինձ հետ կատակ անեք։ Ո՞ւմ հետ եք խոսում այդպիսի հեգնություններով։ Գնացեք ձեր հավերի հետ խոսեցեք։ Իսկ ես պահանջում եմ ձեզնից, որ մարդկանց հետ խոսեք մարդավարի։

— Դե գնա, հա՛, քոսոտ,— արտասանեց Վահանը ծաղրական արհամարհանքով։

Նասիբյանին այդ էր պակաս. արյունն աչքերն առած, ատամները սեղմած և ձեռքերը բռունցք կազմած՝ նա հարձակվեց Վահանի վրա, բայց Վահանն իր ծանրաշարժ մարմնից անսպասելի մի ճարպկությամբ բարձրացրեց իր ահագին ոտը և նստած տեղից այնպիսի մի հարված տվեց նրա նիհար փորին, որ նա ետ ու ետ գնաց և անպատճառ պիտի փռվեր մեջքի վրա, եթե նույն րոպեին Բադամյանը չբռներ նրա հետևից։

Սկանդալը կատարյալ էր։ Շուրջն ահագին բազմություն էր հավաքվել։ Նասիբյանը ձկան պես խլպլտում էր Բադամյանի ամուր ձեռքերի մեջ, բերնից սարսափելի հայհոյանքներ և փրփուր թափելով, ուզում էր դուրս պրծնել և նորից հարձակվել Վահանի վրա։

— Թողեք, պարոն Բադամյան, թողեք,— ասում էր Վահանը հանգիստ նստած և ժպտում էր իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու արհամարհական ժպիտով։

Բադամյանին և ուրիշ մի երկու ծանոթի հազիվ հաջողվեց հեռացնել կատաղած Նասիբյանին։ Սկանդալի սիրահար ամբոխն ևս ցրվեց գլխավորապես այն պատճառով, որ թատրոնի երրորդ զանգն էր արդեն հնչում։ Վահանը նոր տեսավ, որ սեղանի մոտ չկան ոչ քույրը, ոչ Հեղինեն։