Քրոջը նա գտավ թատրոնում, իր տեղը նստած։ Երկրորդ գործողությունն արդեն սկսված էր։
— Տեսա՞ր, ինչ օյին հանեց այդ մայմունը,— ասաց Վահանը քրոջ կողքին նստելով։— Խո չվախեցա՞ր։
Քույրը ոչինչ չպատասխանեց։
7
Երկրորդ խաղամիջոցին Վահանին շրջապատել էին մի քանի ծանոթներ և հարցուփորձ էին անում նրան՝ Նասիբյանի հետ ունեցած ընդհարման մասին։ Նասիբյանն երկրորդ գործողության ժամանակ չէր մտել թատրոն։ Նա նստած էր բուֆետի մոտ մի դերասանի հետ և զոռ էր տալիս գինուն այն մտադրությամբ, որ այդ գիշեր մի նոր և հսկայական սկանդալ սարքի Վահանի գլխին։ Հեղինեն գիտեր այդ բանը և հայտնեց Վահանին, բայց Վահանը միայն ժպտաց և շարունակեց խոսակցությունն իր ծանոթների հետ։ Մանեն մենակ էր մնացել։ Նա այնքան նեղացած էր եղբորից և առհասարակ այնքան վատ տրամադրության մեջ էր զգում իրեն, որ այլևս սիրտ չուներ մնալու թատրոնում։ Եվ երբ Հեղինեն նրան ևս հայտնեց Նասիբյանի մտադրությունը, նա անմիջապես գտավ եղբորը և խնդրեց, որ իսկույն տուն դառնան։
— Ինչի՞ց ես վախենում,— ասաց Վահանը։— Բռանս մեջ կհավաքեմ և ջեբս կկոխեմ։ Դու քեզ համար հանգիստ կաց։
Մանեն թողեց եղբորը և հեռացավ։ Հանկարծ այնպիսի սրտի եկավ, որ ուզեց մենակ վերադառնալ տուն։ Բայց այդ միջոցին նրա դեմն ելավ Բադամյանը։
— Ես ձեզ էի որոնում, և լավ է, որ մենակ եք,— ասաց նա։
— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց Մանեն գրեթե թշնամաբար։
— Մի-երկու խոսք ունիմ ասելու։ Խնդրում եմ, Մանե... անցնենք այսպես։
Բադամյանի հայացքն այն աստիճան լի էր կարոտով, ձայնը հնչում էր այն աստիճան աղերսագին, որ Մանեն քաջություն չունեցավ մերժելու նրա խնդիրքը։