Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջարդեք գանգս, ուղեղս հանեք և տրորեք ոտի տակ, որպեսզի չունենամ այն գիտակցությունը, թե այն օրից, երբ ձգեմ իմ ամուսնուն, անհուն տանջանքի դուռ չպիտի բանամ նրա և նրա հետ միասին ինձ համար։ Դուք ինձ երջանկություն եք խոստանում, մինչդեռ ես համոզված եմ, որ այն օրից, երբ հեռանամ իմ օջախից, ամենաթշվառը պիտի լինիմ աշխարհիս երեսին, և ոչ մի փրկություն այլևս չպիտի լինի ինձ համար։

Բադամյանը նայում և լսում էր Մանեին պարզապես ապշած։ Մանեն դեռևս երբեք այդպես կտրուկ ու կրքոտ չէր խոսել նրա հետ։

— Լավ, որ այդպես է,— ասաց նա,— էլ ինչո՞ւ եք ձեզ այդքան տանջում։ Ապրեցեք ձեզ համար հանգիստ ձեր տանը, ձեր ամուսնու հետ, եթե համոզված եք, որ ինձ հետևելով ամենաթշվառը պիտի լինիք, և ինձ էլ հրամայեցեք մի անգամ առ միշտ, որ այլևս չհամարձակվեմ վրդովել ձեր հանգստությունը։ Դրանով էլ կվերջանա ամեն բան։ Վայրենի խո չե՞մ, որ զոռով հափշտակեմ ձեզ։ Ես էլ մարդ եմ, ես էլ ունիմ պատվասիրություն, դուք կապրեք ձեր տանը, ձեր ամուսնու հետ խաղաղ ու երջանիկ, ես էլ կգնամ իմ ճանապարհով։ Պրծավ գնաց։ Թե չէ, ի՞նչ է նշանակում անդադար հուզվել, զայրանալ, բացատրություններ տալ, արդարանալ... Ում առաջ եք արդարանում։ Ձե՞ր խղճի առաջ։ Բայց դուք դեռևս չեք գործել այն, ինչ որ հանցանք եք համարում։ Ի՞մ առաջ։ Բայց ո՞վ եմ ես ձեզ համար.— պատահական մի մարդ, որի վերաբերմամբ ոչ մի պարտավորություն չունիք, որին երբ կամենաք՝ կարող եք հեռացնել ձեզնից։

Բադամյանի շատ հանգիստ կերպով արտասանած այդ խոսքերն այնքան անակնկալ էին Մանեի համար, որ նա այս անգամ պարզապես բան չգտավ ասելու։ Երկար ժամանակ նա լուռ տանջանքով նայում էր Բադամյանի աչքերին, հետո հուսահատական մի հայացք ձգեց իր շուրջը և կամաց նստեց մոտը գտնված նստարանի վրա։

Ճեմելիքի ծայրերից լսվեցին բարձրաձայն ծիծաղի ձայներ։ Բադամյանը նայեց այն կոդմը և տեսավ ինչ-որ մութ ստվերներ, որոնք մոտենում էրն արագորեն։ Նա նստեց նույն նստարանի վրա, Մանեից այնքան հեռու, որ նրանց մեջտեղ