արդեն ամեն ինչ պարզում է ինձ համար։ Այսքան ժամանակ չարչարել, տանջել, մերթ հույս տալ, մերթ հուսահատեցնել և հետո վեր կենալ և խոսել խղճի մասին... Լսեցեք, Մանե, ինչ եմ ասում։ Ես չեմ կարող ստիպել ձեզ, որ սիրեք ինձ, բայց իրավունք ունիմ պահանջելու, որ գեթ փոքր-ինչ հարգեք ինձ և... չխաղաք ինձ հետ...
— Բադամյա՛ն,— այս անգամ գրեթե ճչաց Մանեն, վեր թռավ, նորից նստեց, հետո շտապով հանեց թաշկինակը, սեղմեց աչքերին և խուլ կերպով հեկեկաց։
Այդ բանն այնքան անսպասելի էր Բադամյանի համար, որ նա միանգամայն կարկամեց և չիմացավ ինչ անի։ Հետո արագորեն վախկոտ մի հայացք ձգեց ճեմելիքի այս ու այն կողմը, նստեց Մանեի կողքին և աշխատում էր ներողություն խնդրող անկապ խոսքերով հանգստացնել նրան։ Բայց իզուր, Մանեն հեծկլտում էր երեխայի պես, թաշկինակն աչքերին պինդ սեղմած։ Հետո հանկարծ դադարեց հեծկլտալուց, վեր թռավ և ասաց.
— Գտեք եղբորս. ուզում եմ տուն գնալ։
Այդ նոր անակնկալը նորից ապշեցրեց Բադամյանին։ Նա հենց այնպես էլ սառած մնաց նստած տեղը և կարողացավ միայն շշնջալ.
— Մանե...
Մանեն արագորեն սրբեց աչքերը, թաշկինակը պահեց, մազերը շտկեց և, առանց որևէ խոսք արտասանելու, դիմեց դեպի պարտեզի հրապարակը վճռական քայլերով։
Բադամյանը խելագարի պես վեր թռավ նստարանից և վազեց նրա հետևից։
— Մանե՛... Ի սեր աստծո... Ի՞նչ եք ուզում անել։
— Ուզում եմ տուն գնալ։
— Ինչո՞ւ։
— Որովհետև չեմ ուզում, որ ինձ վիրավորեք։
— Ե՜ս ձեզ վիրավորե՞մ... Մանե՛... սպասեցե՛ք... Աղաչում եմ... Մանե՛...
Եվ Բաղամյանը, բռնելով նրա ձեռքից, փորձեց պահել, բայց Մանեն ձեռքը վճռաբար խլեց նրա ձեռքերի միջից և արագաքայլ առաջ անցավ։