Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս. բայց տակավին, բացի ատելության կրկնապատկելուց, ուրիշ զգացմունք չէ կարող հարուցանել նրա մեջ։

— Ինչպես երևում է, այդ Պետրովը սաստիկ լիրբն ու անամոթն է։

— Էլ մի՛ ասիր...

— Դե՛հ, ժամանակ է գնալու,— ասաց պարոն Հարունյանը, որ մինչև այդ ժամանակ, ինքն էլ չհասկանալով, թե ի՜նչպես և ինչո՛ւ, մտածության մեջ էր ընկել։

Նրանք դուրս գնացին, մի կառք նստեցին և քշել տվեցին իշխանուհու տուն։ Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի շքեղ, քարաշեն եռհարկանի տան առաջ, որի առջև գտնված փոքրիկ պարտեզը փողոցի կողմից քաշած էր երկաթյա վանդակապատով։ Նրանք իջան կառքից։ Տիկին Հարունյանը սեղմեց դռան էլեկտրական զանգակի կոճակը, և մի րոպեից հետո ծեր դռնապանը, որ, ինչպես երևում էր, յուր կյանքի մեծ մասն այդ տանն էր անցկացրել, բացեց դուռը։ Նա հանեց նրանց վերարկուները։ Հարունյանները այնտեղ աստիճանավորի ինչ-որ վերարկու տեսան կախած։ Այդ ժամանակ կապուտաչյա փոքրիկ աղախինը, որ վազել էր իշխանուհուն հայտնելու հյուրերի գալուստը, վերադարձավ և հրավիրեց նրանց հյուրասենյակ

«Եվ չգիտեմ մինչև ե՞րբ պիտի այսպես տևի․․․»,— լսեցին Հարունյանները իշխանուհու բարկությամբ արտասանած խոսքերը՝ հյուրասենյակը մտնելիս։ Նրանք ներս մտան։ Իշխանուհին արագ քայլերով այս ու այն կողմն էր գնում սենյակի մեջ։ Նրա գեղեցիկ դեմքն այլայլված, շառագունած էր։ Իսկույն երևում էր, որ սաստիկ բարկացած էր։ Լուսամուտի մոտ կանգնած էր Պետրովը՝ լիրբ ժպիտը կլոր դեմքին։ Հյուրերի մտնելուն պես իշխանուհին իրեն հավաքեց և, աշխատելով դեմքին հանգիստ արտահայտություն տալ, ժպտալով դիմավորեց նրանց, սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը։ Հարունյանները իսկույն հասկացան, թե բանն ինչումն էր և այնպես ձևացրին, իբրև թե ոչինչ չեն նկատում։ Նրանք ողջունեցին և Պետրովին, որի դեմքի վրայից լիրբ ժպիտը չէր հեռանում։

— Ա՜, դուք այստե՞ղ...— կանչեց զարմացմամբ Պետրովը տեսնելով Արմենակին։