ես ձեզ... սիրում եմ և ցանկանում, որ ապրեք և երջանիկ լինիք։
Բադամյանը, որ մինչև այժմ լսում էր Մանեին պարզապես ապշած, նրա վերջին խոսքերի վրա չկարողացավ զսպել իր դառն ժպիտը։
— Աղքատը ձեռքը դեմ է անում հարուստին։ «Աղա, ողորմություն արա»։ Հարուստը պատասխանում է. «Ես կարեկցում եմ քո վիճակին և ցանկանում, որ փորդ կուշտ լինի»։ Ու փոխանակ հաց տալու, որ քաղցից չմեռնի, խրատ է տալիս, թե՝ եթե կամենա և հաստատ վճռի, կարող է առանց հաց ուտելու էլ ապրել։
— Ի՞նչ եք ուզում դրանով ասել,— հարցրեց Մանեն։
— Այն եմ ուզում ասել, որ դուք շարունակում եք ինձ կերակրել բառերով։ Ինչի՞ս է պետք, որ ասում եք, թե սիրում եք ինձ։ Ինչի՞ս է պետք առվակի կարկաչը, երբ ես շղթայված եմ այդ առվակի ափին և չեմ կարող ծարավս հագեցնել։ Ավելի լավ չէ՞, որ խլանամ և չլսեմ այդ ձայնը, այդ դատարկ ձայնը, որ ընդունակ է միայն ավելի ևս գրգռելու ծարավս, ավելի ևս սաստկացնելու տանջանքս։
— Ա՜խ, ինչո՞ւ դուք ինձ չեք հասկանում,— Բադամյան,— ասաց Մանեն մեղմ հանդիմանությամբ։
Բադամյանն այլևս չկարողացավ զսպել իրեն և վեր թռավ տեղից։
— Որովհետև ձեզ անկարելի է հասկանալ,— բացականչեց նա հուզված։— Ես ձեզ ոչ թե միայն չեմ հասկանում, այլև... խնդրում եմ չնեղանաք երեկվա պես... այլև չեմ հավատում ձեր անկեղծությանը, ինչպես որ չէր կարող հավատալ իմ ասած աղքատն իրեն կարեկցություն հայտնող հարստի անկեղծությանը։ Դուք ինձ համար երջանկություն եք ցանկանում և շատ լավ էլ գիտեք, որ իմ երջանկությունը կախված է միմիայն ձեզնից, մինչդեռ,— այդ էլ տեսնում եք ձեր աչքերով,— բացի տանջանքից ուրիշ բան չեք տալիս ինձ։
Մանեն նայեց նրան առաջվա պես հանգիստ, բայց այս անգամ խիստ տխրալի հայացքով։
— Ես ձեզ չեմ կարող ստիպել, որ հավատաք իմ անկեղծությանը, Բադամյան, բայց որ չեք հասկանում ինձ, այդ մի փոքր զարմացնում է ինձ, որովհետև նոր չէ, որ ճանաչում