Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք ինձ, և նոր չէ, որ խոսում ենք այս մասին։ Այո, ես տեսնում եմ, շատ լավ եմ տեսնում, որ դուք տանջվում եք, բայց մի՞թե չգիտեք, որ կան տանջանքներ, որոնք ավելի բարձր են, ավելի ազնիվ ու քաղցր, քան ա՛յն, ինչ որ դուք երջանկություն եք անվանում:

— Ո՛չ, այդպիսի բան ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ,— նկատեց Բադամյանը ջղայնոտությամբ։— Տանջանքը տանջանք է, ուրիշ անուն չունի։ Եվ ես միստիկ չեմ, որ տանջանքի մեջ քաղցրություն զգամ, այլապես կգնայի և ճգնավոր կդառնայի։ Ես մարդ եմ, արյունս գորտի արյուն չէ։ Ես դրական երջանկություն եմ պահանջում։ Չեք ուզում տալ, այդպես էլ ասեք ուղղակի և պարզ։ Այլապես կրկնում եմ, ես ձեզ չեմ հասկանում և երբեք էլ չեմ կարող հասկանալ։ Բռնությունը գարշելի է ամեն բանում, բայց որ մարդ բռնություն գործի ինքն իր վրա, իր սեփական զգացումների վրա,— այդ, ներեցեք, եթե խելագարություն չէ, ապա այնպիսի մի բան է, որի անունը ես չգիտեմ։ Հա՛, իհարկե, մարդ, եթե կամենա և վճռի, կարող է ամեն բան անել, նույնիսկ թռչել երկինք և խլել հրեշտակների առաքինությունը։ Դուք այդ արել եք և ստիպում եք, որ ես էլ նույնն անեմ։ Ո՛չ, ես չեմ կարող անել այդպիսի բան, որովհետև անկարելի է անել ա՛յն, ինչ որ անկարելի է: Փախչել այն բանից, որը քո մեջն է, որը շրջում է բոլոր երակներիդ մեջ արյանդ յուրաքանչյուր բջջի հետ,— այդ բանը կարելի է միայն նրանով, որ վերցնես և գանգդ ջարդես պատի վրա կամ ածելիով կտրես կոկորդդ։ Ահա այն միակ միջոցը, որը գտնելու համար ուզում եք ինձ հետ խորհրդակցել։ Խորհրդակցե՜լ... Միամտությո՞ւն է այդ, թե ծաղր։ Եթե միամտություն է, դուք միամիտ չեք. եթե ծաղր, դուք կին եք և չեք կարող այդքան անխիղճ լինել: Սերը հրդեհ է դառել, լափում է ամբողջ էությունս, և ես քիչ է մնում, որ գժվեմ հուսահատությունից, իսկ դուք ինձ առաջարկում եք, որ նստեմ և հանգիստ խորհրդակցեմ ձեզ հետ, թե ինչպես անենք, որ... Օ՛հ, ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է։ Ես իսկապես որ կգժվե՜մ,կգժվե՜մ,կգժվե՜մ...


Բաղամյանը, չափազանց հուզված, նորից նստեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Ճակատն այրվում էր և ձեռքերի ափերի վրա զգում էր քունքերի երակների ուժգին զարկը։