Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իսկ եթե ես ասեմ, որ նա արժանի չէ՞ ձեր զոհաբերությանը,— բացականչեց նա։

Մանեն կամաց դարձավ և նայեց նրան զարմացած։

— Ո՞վ նա։

— Ձեր ամուսինը։

Մանեն մեջքով հենվեց պատին, աչքերը փակեց և պատասխանեց շատ հանգիստ ձայնով.

— Ես ոչ մի զոհաբերություն չեմ անում։ Ես միայն իմ պարտքս եմ կատարում։

— Մանե, աղաչում եմ, մի՛ խոսեք այդպես... ես գժվում եմ... Ի՞նչ պարտք, ո՞վ է պարտավորեցրել ձեզ։ Եկեղեցի՞ն, քահանա՞ն, խա՞չը, ավետարա՞նը...

— Ոչ, ոչ: Իմ խիղճը

Բադամյանը դարձյալ պապանձվեց։ Ատամները պինդ սեղմած իրար, նայում էր Մանեի փակ աչքերին և զգում էր, որ հոգու խորքում կատաղի ատելության պես մի բան է զարթնում դեպի նա։ Նրան ծայրահեղորեն գրգռում էր Մանեի բռնած արձանային դիրքը պատի մոտ իր հրաշալի իրանով, սպիտակ երկայն վզով, խաղաղ, կարծես մարմարից կերտած դեմքով և փակ աչքերով։ Եվ նրան թվում էր, որ եթե անձնատուր լինի այդ զգացմանը, անկարող կլինի այլևս զսպել իրեն, առաջ կվազի դեպի Մանեն և մի վատ, շատ վատ բան կանի, և ապա ինքն իրեն կնետի լուսամուտից և գլուխը կջախջախի փողոցի սալահատակի վրա։

— Դուք ճանաչո՞ւմ եք ձեր ամուսնուն,— հանկարծ հարցրեց նա։

Մանեն բաց արեց աչքերը և նայեց նրան զարմացած։

— Դա ի՞նչ խոսք է։

— Իսկ ես ձեզ կասեմ, որ չեք ճանաչում... այո՛, չեք ճանաչում... և, եթե ճանաչեիք, ինքներդ կփախչեիք նրանից, իբրև անբարոյական և հրեշ մի մարդուց...

Մանեն անգիտակցաբար առաջ նետվեց և հանկարծ կանգ առավ։

— Բադամյան, ես համոզված էի, որ դուք օրինավոր մարդ եք,— շշնջաց նա գունատվելով։

— Եվ դարձյալ համոզված եղեք, որ ես օրինավոր մարդ եմ եղել, որովհետև մինչև այժմ չեմ հայտնել ձեզ ա՛յն,