Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո։ Ինչո՞ւ եք զարմանում։

— Ես չէի կարծում, թե դուք կարող եք հարգելի իշխանուհու բարեկամը լինել։

— Այո՛, ես հարգելի իշխանուհու բարեկամն եմ, այս պարոնի եղբայրը (նա ցույց տվեց պարոն Հարունյանի վրա) և այս տիկնոջ տագրը (նա ցույց տվեց տիկին Հարունյանի վրա)։ Իսկ դուք ե՞րբ եք շնորհ բերել։

— Այս երրորդ օրն է։

— Ափսոս՝ ես մի օրով ուշ եմ եկել ձեզանից։ Ձեր եղբայրն ինձ ոչինչ չէ ասել ձեր գալուստի մասին, ապա թե ոչ, մենք միասին կգայինք։

— Իմ եղբորս այդ անհայտ էր։

Իշխանուհին և Հարունյան ամուսինները խոսում էին մյուս կողմը։ Իշխանուհու բարկությունը և այլայլմունքն արդեն անցել էր։ Նա ամենաքաղցր կերպով ժպտում էր նրանց հետ խոսելիս, բայց երբեմն Պետրովին նայելիս նրա դեմքը խիստ արտահայտություն էր ստանում։ Պարոն Հարունյանը այդ օրն էլ լավ աչքով չէր կարողանում նրան նայել։ Հյուրասենյակը մտնելուն պես, երբ տեսավ նրա լիրբ դեմքը, նա իսկույն զգաց, որ, այո՛, իսկապես ատում է նրան։ Մինչև անգամ կատաղության նման մի բան խառը մի տեսակ չար նախանձի հետ՝ շարժվեց նրա սրտում, երբ մտնելուն պես նրան իշխանուհու մոտ գտավ։ Եվ յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զգացմունք, թեպետև բոլորովին մութ և անորոշ, ներս էր սողում մինչև այժմ նրա սիրող ու բարի սրտի մեջ։ Առաջին նվագ ակամայից, ինքն էլ չհասկանալով, թե ինչու, նա անձնատուր էր լինում այդ զգացմունքին, բայց երբ փոքր֊ինչ ու ավելի լրջորեն էր մտածում այդ մասին, նա ինքն էլ զարմանում էր, թե ինչո՛ւ և ի՛նչ իրավունքով այդպես պիտի անե։ Ինչո՞ւ և ի՞նչ պատճառով, ախար, ատել այն մարդուն, որից ոչ թե ոչինչ, թեկուզ ամենաչնչին վնաս չես ստացել, այլ որին մինչև անգամ բոլորովին նոր ես տեսնում ու ծանոթանում նրա հետ... Այդ նրան հիմարություն էր թվում։ Սակայն երբ ավելի ու ավելի խոր էր մտնում նա բուն խնդրի մեջ, նրան թվում էր, թե լուծումը— պատճառը