Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաշկանդվում, կարկամում է, երբ տեսնում է, որ հարվածը մահացու է եղել։

Բադամյանը կանգնած էր այդ դրության մեջ, կաշկանդված և կարկամած, երբ Մանեն վերջացրեց ընթերցումը, նամակը վերադարձրեց, առանց նրան նայելու, և լուռ հեռացավ։ Մի վսեմ հանգստություն էր նկատվում նրա բոլոր շարժումների մեջ, և այդ րոպեին չափազանց գեղեցիկ էր նա իր բարեկազմ հասակով, իր գունատ դեմքով, իր խոշոր աչքերի վերին աստիճանի լուրջ ու կենտրոնացած հայացքով։ Բադամյանը դիտում էր նրան գաղտնի երկյուղով. նրան թվում էր, թե ահա, որտեղ որ է, ինչ-որ արտաքո կարգի մի բան պիտի պայթի իր գլխին, սարսափելի մի բան, որից նրա ճակատը մերթ սառում, մերթ տաքանում էր առաջուց։

— Ո՞վ է տվել ձեզ այդ նամակը,— հարցրեց Մանեն տարօրինակ սառած ձայնով, որի մեջ, սակայն, ինչ-որ սպառնալից մի շեշտ կար։

— Այս նամակն ուղարկված է, ինչպես ինքներդ տեսաք, մեր խմբագրությանը լրագրի մեջ տպելու համար։

— Հետո՞։ Տպեցի՞ք։

— Ոչ։

— Ինչո՞ւ։

— Կարծեմ, ինքներդ հասկանալիս պիտի լինեք, թե ինչու։

— Ոչ, ես չեմ հասկանում։ Այդպիսի հրեշավոր մի բան հրապարակ չհանել, համայնական մի սեփականություն հափշտակողի, մատաղ մի աղջկա լլկողի և ապա գազանաբար սպանողի՝ հասարակաց դատաստանին չհանձնել — այդ ես չեմ կարող հասկանալ, որովհետև մամուլի մասին ես միշտ լավ գաղափար եմ ունեցել և մամուլն եմ համարել միակ պաշտպանը ճշմարտության և հալածվածների։

— Մամուլը մեղք չունի այստեղ։ Եթե այս բանում մեկը կա մեղավոր, այդ ես եմ, որովհետև ես խնդրեցի, որ նամակը չտպվի։

— Դո՞ւք․․․ ինչո՞ւ։

— Մանե, ինչո՞ւ դուք տալիս եք ինձ այդ հարցը,— նկատեց Բադամյանը մեղմ կշտամբանքով։