Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչ, խնդրում եմ բացատրեցեք. ինձո՞ւ դուք խնդրել եք, որ այդ նամակը չտպվի:

— Տեր իմ աստված, մի՞թե այդ բանը բացատրելու կարիք կա։

— Երևի կա, որ պահանջում եմ,— վրա բերեց Մանեն անողոք խստությամբ։

Բադամյանն աղերսալի հայացքով մոտեցավ նրան ու ուզում էր առնել նրա ձեռքերը, բայց Մանեն խստորեն ետ ու ետ քաշվեց։

— Մանե, նամակը թույլ չտվի տպել ձեր պատվի ու հանգստության համար,— ասաց նա գրեթե չարագին։

— Մի՞թե,— բացականչեց Մանեն, և ինչ-որ խիստ մի ժպիտ ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը։

— Երգվում եմ արևովս, Մանե, միմիայն ձեր պատվի և հանգստության համար, որովհետև չէ՞ որ դուք նրա կինն եք, և ձեր անունն այսպես, թե այնպես կապված է նրա անվան հետ։ Մի ուրիշ պատճառ էլ կար. ես նրան իմ ախոյանն էի նկատում և չէի կամենալ նրա արարքների մերկացումը տեսնել այն լրագրի մեջ, որի ղեկավարներից մեկն էլ ես եմ: Դա շատ տգեղ վարմունք կլիներ իմ կողմից։

— Օ՜, անշուշտ,— բացականչեց Մանեն, և հանկարծ ծիծաղի նման մի բան դուրս թռավ նրա բերանից.— դա այնքան տգեղ վարմունք կլիներ ձեր կողմից, որ մինչև անգամ կարելի էր կարծել, թե նամակը... դուք եք հորինել:

Բադամյանը մեկ առաջ ընկավ ու հանկարծ կանգ առավ ապշած։

— Ինչ ասացի՞ք,— հարցրեց նա։

— Ասացի այն, ինչ որ լսեցիք,— ասաց Մանեն սպանիչ հանգստությամբ։

— Ուրեմն...

— Ուրեմն ի՞նչ։ Շատ պարզ է. այդ նամակը մի ֆանտազիա է, որի հեղինակը դուք եք։

— Մանե,— գրեթե ճչաց Բադամյանը կարծես ֆիզիկական մի սուր ցավից և այլևս ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։ Մանեի մեղադրանքը շշմեցրեց նրան կայծակի հարվածի պես, որովհետև ամեն բան կանխատեսել էր, բայց այդպիսի մի մեղադրանք— ամենևին։ Նա չէր իմանում ինչ