է պատահում իրեն, միայն պարզորոշ զգում էր, որ ինչ-որ մի բան, բողոքի զգացմունքի պես զորեղ մի բան, արագաբար բարձրանում, ուռչում է իր կրծքի մեջ և ուզում է պայթեցնել իր ամբողջ ներքինը հրախբի լավայի պես։ Եվ նախքան նա ուշքի կգար ազատություն տալու համար իր բողոքի զգացմանը, ուրիշ, առաջվանից ավելի անակնկալ ու սոսկալի մի հարված կարկամեցրեց նրան միանգամայն։
— Բավակա՛ն է։ Հեռացեք։ Ես ձեզ խղճում եմ...
Բադամյանն այլևս ոչինչ չլսեց. միայն, կարծես երազի մեջ, տեսավ Մանեի հուզումնալից աչքերը, ցնցվող շրթունքները, հետո նրա ստվերը, որ արագորեն չքացավ դռների մեջ...
10
Բաղամյանը նոր էր հեռացել, որ Վահանը մտավ քրոջ մոտ սիգարը բերանին։
Խիստ հուզված, Մանեն անցուդարձ էր անում սենյակում արագ քայլերով, և մի ջիղ նրա վզի վրա, մերթ ընդ մերթ ցնցվելով, ներքև էր քաշում նրա ծնոտը։
Վահանը կարճ ժամանակ նայեց նրան զարմացած, հետո անփույթ ու ծանրորեն նստեց աթոռի վրա։
— Այս րոպեիս տեսա բարեկամիդ,— ասաց նա։ — Հեռվից որ տեսավ ինձ, ճանապարհը ծռեց, կարծես պիտի բռնեի յախից և հարցնեի` ո՞րտեղից ես գալիս։
Նա բերնից բաց թողեց ծուխն ուսի վրա և ծուռ նայեց քրոջը։
— Էլի վիրավորե՞ց,— հարցրեց կամաց։
Մանեն հանկարծ դադարեց քայլելուց և արագորեն դարձավ եղբոր կողմը։ Նրա աչքերը կարծես կայծեր էին ցայտեցնում։
— Ինչո՞ւ ես եկել,— հարցրեց նա այնքան խստորեն, որ այդ խոսքերը կարծես դուրս խլեց սրտի խորքից։
Վահանը ետ ընկավ աթոռի մեջքին, ծունկը ծնկան վրա` դրեց և ժպտաց։
— Որովհետև անցած գիշեր պատվիրեցիր, որ այլևս չգամ: