Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսել մտերմորեն, որի ցավակցության, հոգացողության վրա կարողանայի վստահանալ: Եվ երբ իմացա, որ դու եկել ես և եկար ինձ մոտ, կարծեցի, թե փրկիչս է եկել։ Բայց դու ի՞նչ արիր, ի՞նչ։ Դու ա՛յն արիր, որ ես այժմ այնքան զզվում և ատում եմ քեզ, որ չեմ ուզում տեսնել երեսդ, չեմ ուզում, չեմ ուզում։ Հեռացիր՛, գնա՛, հանգիստ թող ինձ...

Եվ Մանեն հեծկլտալով դուրս գնաց ու դուռը պինդ շրխկացրեց իր հետևից։

Վահանն ականջ դրեց և լսեց, որ մի ուրիշ դուռ էլ նույնպիսի սաստկությամբ շրխկաց այնտեղ։ Նա վեր կացավ, սիգարը գցեց մոխրամանի մեջ, երկու ձեռքով վեր քաշեց անդրավարտիքը փորի վրա և գնաց քրոջ հետևից։ Երկրորդ դռան շրխկոցից իմացավ, որ Մանեն մտել էր ննջարանը: Նա բռնեց ննջարանի դռան փականքը, առաջ հրեց, բայց դուռը չբացվեց։ Ներսից փակված էր։

— Մանե, բաց արա։

— Հեռացի՛ր,— լսվեց ներսից Մանեի ջղային կատաղի աղաղակը։

— Խելագարվե՞լ ես, ինչ է։

— Այո, խելագարվել եմ, հեռացի՛ր։

— Բաց արա, ասում եմ։

— Չեմ բանալ, հեռացի՛ր։

— Բան եմ ուզում ասել։

— Չեմ ուզում, հեռացի՛ր։

— Դե, հիմարություն մի անիր, բաց արա։

— Ա՛խ, չեմ ուզում քեզ տեսնել, լսո՞ւմ ես, չե՛մ ուզում, չե՛մ ուզում, չե՛մ ուզում...

— Խո չե՞ս ուզում դուռը կոտրեմ։

— Ես կսպանեմ ինձ, եթե մտնես։

Վահանն իր ուժեղ ձեռքով բռնեց դռան փականքը, ահագին ոտը բարձրացրեց, որ հարված տա դռանը, բայց այդ բանն արեց կարծես ձևի համար և ոտը նորից իջեցրեց:

— Դու հիմարացել ես և ստիպում ես, որ ես էլ հիմարանամ,— ասաց նա շրթունքները մոտեցրած դռան փեղկերի միացման արանքին։— Մանե, բաց արա խնդրում եմ։