Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քրոջ այդ նոր տարօրինակ վարմունքն եղբայրն ընդունեց բավական սառնասրտորեն։ Առանց տեղից շարժվելու, Վահանը դիտում էր լուռ, թե ինչպես ցնցվում են Մանեի նիհար ուսերն ուժգին հեկեկանքից, և սպասում էր, թե ինչով է վերջանալու այդ նոր տեսարանը։

— Լսիր... Բադամյանն այստեղ էր, այո,— վերջապես արտասանեց Մանեն հեկեկանքի միջից,— բայց ես... դուրս արի նրան, որովհետև...

Մանեն հանկարծ դադարեց հեկեկալուց, վեր թռավ և սաստիկ արագախոսությամբ, շնչասպառ լինելով, շարունակեց.

— Նա ինձ ցույց տվեց մի նամակ, որի մեջ գրում են, որ ամուսինս մի գազան, մի հրեշ, մի, մի... չգիտեմ ինչ է։ Գրում են, որ հանքերը նրանը չեն, գյուղացիներինն են, և նա, չգիտեմ ինչ միջոցով, զավթել է այդ հանքերը։ Բայց այդ չէ սարսափելին։ Սարսափելին այն է, որ նա բռնաբարել է մի խեղճ, մի այրի կնոջ տասներեք տարեկան աղջիկը և, բռնաբարելուց հետո, սպանել ու դիակը գցել մի ձորակ, իր հանցանքի հետքերը ծածկելու համար երևի... Ես ասացի նրան, որ նամակը ինքն է հորինել և... վռնդեցի նրան։ Ասա՛, մի՞թե ճիշտ չեմ ասել. մի՞թե ամուսինս ընդունակ է այդպիսի բաներ անելու... ամուսինս չէ, այլ թեկուզ ամենագազան մի մարդ։ Ասա՛, եթե ընդունակ է, ես հենց այս րոպեից կհեռանամ այս տնից և կգամ քեզ հետ գյուղը, որպեսզի այլևս երբեք չտեսնեմ նրա երեսը, երբեք, երբե՛ք...

Նա լռեց, որովհետև բուռն հուզմունքից այլևս բան չկարողացավ արտասանել։ Շնչում էր ծանր, խիստ ծանր և նայում էր եղբորն այնպիսի սպասողական-աղերսական հայացքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը։

Վահանը մինչև անգամ արհեստական անտարբերությամբ մի սիգար հանեց, դրեց բերանը, ծանր ու բարակ վառեց, լուցկին հանգցրեց, դուրս շպրտեց լուսամուտից և ապա թե խոսեց հանգիստ ու լուրջ։

— Քո այդ պարոն վիպասանը երևի կարծել է, թե վեպ է գրում։ Չէ՞ որ վեպերի մեջ միայն կարելի է ամեն բան հնարել անպատիժ կերպով։ Խելքին փչեց, թե արի այսպիսի մի